Մստիսլավ Ռոստրոպովիչ
Մստիսլավ Ռոստրոպովիչ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Мстислав Ростропович |
Ծնվել է | մարտի 27, 1927[1][2][3][…] Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | ապրիլի 27, 2007[4][2][3][…] (80 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ, թավջութակահար և դաշնակահար |
Գործիքներ | թավջութակ |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն, Մելոդիա, EMI Classics, Warner Classics?, Erato Records?, Դեկա Ռեկորդս և Philips Records |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Ամուսին | Գալինա Վիշնևսկայա |
Պարգևներ | |
Mstislav Rostropovich Վիքիպահեստում |
Մստիսլավ Լեոպոլդի Ռոստրոպովիչ (ռուս.՝ Мстисла́в Леопо́льдович Ростропо́вич, մարտի 27, 1927[1][2][3][…], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 27, 2007[4][2][3][…], Մոսկվա, Ռուսաստան[5]), ռուս խորհրդային երաժիշտ, դիրիժոր, թավջութակահար, դաշանակահար, նաև հասարական գործիչ և դասախոս։
Մի շարք պետական պարգևների դափնեկիր[12]։ Մոտ 26 տարի դասավանդել է Մոսկվայի, ևս 7 տարի Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիաներում[13]։ Նրա նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քանի 100 ստեղծագործություն, որոնցից մեծ մասը գրված է եղել հենց նրա համար և նվիրվել է իրեն։
Վաղ տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մստիսլավ Ռոստրոպովիչը ծնվել է 1927 թվականի մարտի 27-ին, թավջութակահար Լեոպոլդ Ռոստրոպովիչի և դաշնակահարուհի Սոֆյա Ֆեդոտովայի ընտանիքում, Բաքու քաղաքում, որտեղ նրանց ընտանիքը տեղափոխվել էր Օրենբուրգից։ Տղայի երաժշտական տաղանդը դրսևորվեց չափազանց վաղ տարիքից։ Արդեն չորս տարեկանում Սլավան դաշնամուրի ստեղների մեջ կարողանում էր ընտրել բավականին բարդ ստեղծագործությունների մեղեդիների հնչյունները և, նկատվում էր կոմպոզիցիա ստեղծելու ձգտումը։ Ցանկանալով որդու և դստեր՝ Վերոնիկայի համար լավ կրթություն ապահովել, ծնողները որոշում են տեղափոխվել Մոսկվա։ Շուտով երեխաներն այստեղ ևս աչքի ընկան երաժշտական տաղանդով։ Սկզբնական ելույթներում Մստիսլավը կատարում էր իր փոքրիկ պիեսները դաշնամուրի համար։ Իսկ թավջութակի հանդեպ նրա հետաքրքրությունն զգացվեց 8-9 տարեկանում։ 1932—1937 թվականներին սովորել է Մուսորգսկու անվան երաժշտական ուսումնարանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ տղան ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարան՝ Եվգենի Մեսների դասարան։ Նրա մանկության և պատանեկության տարիներն անցան խորհրդային կրթական համակարգի միօրինակության պայմաններում և տղան չդրսևորվեց իբրև հրաշամանուկ։ Նա չէր հաճախում հատուկ մասնագիտական դպրոց, քանի որ վրա էր հասել Հայրենական մեծ պատերազմը, և ֆաշիստական զորքերի՝ Մոսկվային մոտենալով, ծնողները որոշում են հեռանալ Չկալով (Օրենբուրգ)։ Այստեղ նա հաճախում է երկաթուղային դպրոց և տեղի երաժշտական ուսումնարան, որտեղ նաև դասավանդում էր հայրը։ 16 տարեկանում ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիայի թավջութակի դասարան՝ Սեմյոն Կոզոլուպովի դասարանում։ Դա նրա հոր՝ Լեոպոլդ Ռոստրոպովիչի վերջին ցանկությունն էր՝ մահվան մահճում։ Իսկ կոմպոզիցիա սովորել է հռչակավոր կոմպոզիտորներ Սերգեյ Պրոկոֆևի և Դմիտրի Շոստակովիչի մոտ։
Ուսման տարիները և առաջին մեծ համերգները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնսերվատորիան նրա առջև լայն հնարավորություններ բացեց՝ իր ունակություններն առավել զարգացնելու համար։ Այս կառույցը չէր վերացել Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, այլ հակառակը` պետության կողմից մեծապես աջակցություն էր ստանում՝ որպես հասարակական բարեկեցության խորհրդանիշ։ Նրա ստեղծագործական միջավայրը կազմում էին ժամանակի խոշոր դեմքերը՝ Սերգեյ Ռախմանինովը, Ֆեոդոր Շալյապինը, Ա. Վերժբիլովիչը և այլք։ Կոզոլուպովի նախնական մասնագիտական հիմքը Մստիսլավ Ռոստրոպովիչը յուրացրեց շատ արագ`շնորհիվ բնատուր ընդունակությունների և գործիքին տիրապետելու հմտության։ Մստիսլավը որպես թավջութակահար լայն ճանաչում ձեռք բերեց 1945 թվականին՝ Երրորդ Համամիութենական երաժիշտ-կատարողների կոնկուրսում շահելով ոսկե մեդալ։ Նրա հետ դժվարին մրցույթում հաղթեց և իր առաջին հաղթանակը տոնե նաև այդ ժամանակներում արդեն համբավ ձեռք բերած դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերը։ 1947 թվականին Մստիսլավ Ռոստրոպովիչը գրավեց առաջին մրցանակ՝ Պրահայում անցկացված Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնում։ Եվ շնորհիվ միջազգային պայմանագրերի ու հյուրախաղերի, նա լայն ճանաչում ձեռք բերեց Արևմուտքում։ 1940-ականների երկրորդ կեսին Ռոստրոպովիչը հանդես եկավ իր առաջին մեծ ելույթներով Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Ռիգայում, Տալլինում, Մինսկում, Վիլնյուսում և միութենական մյուս քաղաքներում։ 1949 թ. Ռոստրոպովիչը Պրահայի փառատոնում նվագեց Անտոնին Դվորժակի կոնցերտը թավջութակի համար։ Դրա շրջանակներում այս բարդ ստեղծագործությունը կոմպոզիտորի հայրենիքում հնչում էր առաջին անգամ։ 1951 թ., երբ Ռոստրոպովիչն այլևս Կոզոլուպովի աշակերտը չէր, այլ պարապում էր ինքնուրույն, երկու երեկոյան համերգի ընթացքում նվագեց Բախի վեց սուիտ։ Դա արդեն ոչ թե շնորհալի ուսանողի, այսպես ասած, «հայտ» էր, այլ արտիստի «հրովարտակ»՝ ձգտելով ոտք մեկնել թավջութակահարներից այնպիսի հսկայի հետ, ինչպիսին էր Պաբլո Կասալսը, ում համար այդ ստեղծագործությունների կատարումը հավատամք էր։ Հետաքրքիր էր, որ մանրակրկիտ ուսումնասիրելով դրանք Կազալսի մոտ, երիտասարդ Ռոստրոպովիչը ոչ թե հետևում է նրան, այլ ընդհակառակը, այժմ, համերգի ընթացքում հակադրվում է նրան։ Ստացվում է մի տեսակ զրույց-բանավեճ։ Այդ նույն թվականին Մստիսլավ Ռոստրոպովիչը, համերգային-կատարողական ակտիվ գործունեության համար, պարգևատրվեց երկրորդ աստիճանի Պետական մրցանակով, որ այն ժամանակ կոչվում էր Ստալինյան մրցանակ և համարվում էր բարձր պարգև պետության ու կոմունիստական կուսակցության կողմից՝ արվեստում ունեցած վաստակի համար։
Պրոկոֆևի մոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին, երբ Ռոստրոպովիչն արդեն կոնսերվատորիայի ասպիրանտ էր, որոշում է սովորել Սերգեյ Պրոկոֆևի Թավջութակի առաջին կոնցերտը։ Կոմպոզիտորը, սկսելով կոնցերտներ գրել 1934 թվականից, դրանց վրա աշխատել էր շատ երկար` նկատի չունենալով որևէ կատարողի։ Արտասահմանից միայն վերջերս Ռուսաստան վերադարձած Պրոկոֆևը դեռ վատ էր ճանաչում մոսկովյան երաժիշտ-կատարողների մասնագիտական որակները և նրանց վերաբերմունքը՝ նոր երաժշտական ստեղծագործությունների հանդեպ։ Այդ կոնցերտը նրա միայն երկրորդ անդրադարձն էր թավջութակին՝ 1912-ին գրած «Բալլադից» հետո։ Ինքը՝ Պրոկոֆևը թավջութակ չէր նվագում, իր Կվինտետը գրել էր առանց թավջութակի ներգրավման, այնպես որ, Թավջութակի կոնցերտներով, կարելի է ասել, նա նոր էջ բացեց իր ստեղծագործության մեջ։
1938 թվականին երեք մասից բաղկացած Կոնցերտը պատրաստ էր. առաջին մասը միջին տեմպով էր, երկրորդը՝ չափազանց արագ, իսկ երրորդը՝ դանդաղ։ Սակայն Պրոկոֆևը հաշվի չէր առել թավջութակի հարմարությունը, այդ ստեղծագործության մեջ չկար թավջութակին անհրաժեշտ արտահայտչականությունը, ընդգրկունությունը։ Հենց նույն տարում այն կատարել փորձեց Լ. Բերեզովսկին, որ Ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահարն էր։ Փորձերին հրավիրեցին դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերին, որ դեռ կոնսերվատորիայի ուսանող էր։ Երկուսով Կոնցերտը սովորեցին երկու ամսում՝ նաև պարապելով Պրոկոֆևի մոտ, բայց Բերեզովսկին այդ երաժշտությունը չէր ընկալում, և Ռիխտերին ևս այն դուր չէր գալիս։ Դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանն էլ իր հերթին էր անփույթ վերաբերվել կատարմանը։ Ինչպես հիշում է Ռիխտերը՝ տապալումը կատարյալ էր։ Իսկ մամուլում գրում էին, որ պատճառը կոմպոզիտորի անհաջող ստեղծագործությունն էր։ Եվ ահա, այս ամենից հետո Ռոստրոպովիչն է որոշում ձեռք մեկնել այդ ստեղծագործությանը։ Պարտիտուրան նրան չի հաջողվում գտնել, նաև տատանվում էր հեղինակին դիմել, և Կոնցերտը սովորում է դաշնամուրով և ընդգրկում մենահամերգի ծրագրի մեջ։ Այդ ստեղծագործության ընտրությունը, նրա պատրաստվածությունը և կատարումը բացահայտեցին Ռոստրոպովիչի ստեղծագործական անհատականության գծերը։ Ռոստրոպովիչի կատարմամբ Կոնցերտը հնչեց 1948 թվականին, նվիրված Հոկտեմբերյան հեղափոխության երեսունամյակին։ Շուտով կոմպոզիտոր Նիկոլայ Մյասկովսկին, որ Պրոկոֆևի մտերիմն էր, վերջինիս հրավիրում է մի համերգի, որտեղ Մստիսլավ Ռոստրոպովիչն ու դաշնակահար Ալեքսանդր Դեդյուխինն առաջին անգամ նվագելու էին իր Սոնատը։ Այդ երաժշտության բնույթը նույնն էր, ինչ Պրոկոֆևինը։ Այդ սոնատը Ռոստրոպովիչի համար նվագելը շատ հեշտ էր, հարմար, և իր կատարած իմպրովիզացիաների շնորհիվ երաժշտությանը հաղորդեց մեծ զգացմունքայնություն ու ջերմություն։ Հեղինակը չափազանց գոհ էր և իր օրագրում գրեց. «Նվագեցին գերազանց»։ Պրոկոֆևը, շնորհավորելով Ռոստրոպովիչին, հայտնեց, որ ցանկանում է սոնատ գրել թավջութակի համար և ցանկանում է, որ ինքը կատարի այն։ Ռոստրոպովիչը շուտով նոտաները ստացավ, սովորեց և այցելեց Պրոկոֆևին (մերձմոսկովյան Նիկոլինա Գորա գյուղ)՝ նրա մոտ նվագելու և լսելու հեղինակի նկատողությունները։ Լսելով Ռոստրոպովիչի կատարումը, Պրոկոֆևն անկեղծորեն խոստովանեց թավջութակի առումով իր անփորձությունը քսաներկուամյա ասպիրանտին։ Հետագայում Ռոստրոպովիչն այդ հանդիպումն այսպես էր հիշելու.
Քննարկվեցին միայն մի քանի կատարողական մանրունքներ։ Սոնատի մեղեդին Ռոստրոպովիչը շատ արագ յուրացրեց։ Ռեպրեսիայի դաժան ժամանակներում, ընդհանրապես, Պրոկոֆևի երաժշտությունը մարդկանց հույս էր պարգևում, և դրա լավագույն արտահայտիչը եղավ Ռոստրոպովիչը՝ իր անսասան կենսասիրությամբ։ Դաշնամուրային նվագակցության համար Պրոկոֆևն ընտրեց Ռիխտերին։ Այդպիսով, ճակատագիրը Ռոստրոպովիչին շրջապատում էր մեծ երաժիշտներով ու վառ անհատականություններով։ Սոնատն առաջին անգամ հնչեց 1949-ի դեկտեմբերի 6-ին՝ ԽՍՀՄ-ի Կոմպոզիտորների միության լիագումար նիստի համերգի ժամանակ, իսկ հաջորդ տարվա մարտի 1-ին՝ մեկ անգամ ևս՝ Մոսկվայի կոնսերվատորիայի Փոքր դահլիճում։ Պրոկոֆևը, հիվանդության պատճառով, պրեմիերային ներկա չէր։ Հաջողությունը լիակատար էր։ Գեղանկարիչ Պյոտր Կոնչալովսկին, պրեմիերայի տպավորության տակ, գրեց. «Այդ ինքը՝ բնությունն էր՝ ուրախ և ողբերգական, միշտ անսովոր և միշտ նոր»։ Նրա նման շատ մեծանուն արվեստագետներ բարձր գնահատեցին կոմպոզիտորի ստեղծագործությունն ու նրա անկրկնելի մատուցումը։ Ակնհայտ էր, որ շուտով Ռոստրոպովիչը կրկին բեմ կբարձրանա՝ Պրոկոֆևի հերթական ստեղծագործությունները հանրությանը ներկայացնելու և որ կոմպոզիտորը մեծ տեղ է զբաղեցնելու նրա ստեղծագործական կյանքում։ Ռոստրոպովիչը երկու տարի ապրեց Պրոկոֆևի տանը։ Իրեն հատկացված սենյակը գտնվում էր Պրոկոֆևի սենյակի կողքին և նա ամեն առավոտ արթնանում էր՝ հիվանդ կոմպոզիտորի հանդեպ տագնապը սրտում։ Սակայն կոմպոզիտորի հետ ամենօրյա շփումը Ռոստրոպովիչին դարձրեց նրա ստեղծագործական գործընթացի ականատեսը, ինչը նրա համար եղավ աշխատանք՝ հանճարի «լաբորատորիայում»։ Պրոկոֆևն էլ, իր հերթին, բազմաթիվ ստեղծագործություններ գրելու ընթացքում դիմում էր Ռոստրոպովիչին, նրա հետ քննարկելով մասնագիտական հարցեր։ Իր Կոնցերտի մենանվագի հատվածը նա հղկում էր՝ հաշվի առնելով թավջութակահարի ցուցումները։ Հետագայում, արդեն համերգի ժամանակ, Դմիտրի Շոստակովիչը նկատեց այդ հատվածը և ասաց, որ թավջութակը հնչում է՝ ասես գմբեթի տակ։ Եթե նախկինում Պրոկոֆևը խոստովանում էր, որ լավ չի ճանաչում թավջութակը, ապա այժմ արդեն նա ամբողջովին ծանոթ էր այս նվագարանի ընձեռած հնարավորություններին, ինչն էլ արտահայտվում է նրա հետագայի ստեղծագործություններում։ Պրոկոֆևը տվեց մի հրաշալի բնութագիր, որն անհրաժեշտ էր Մստիսլավին դոցենտի կոչում տալու համար։ 1952 թվականի վերջերին Պրոկոֆևը հայտնում է, թե որոշել է գրել եթերային Կոնցերտինո թավջութակի և նվագախմբի համար, և թե առաջին մասի սևագիր տարբերակը պատրաստ է, երկրորդ մասն ավարտված է, իսկ երրորդը սկսել է և 1953 թվականին արդեն պատրաստվում է ավարտել այս ստեղծագործությունը։ Դրանում արդեն Ռոստրոպովիչը հանդես էր գալիս գրեթե որպես համահեղինակ։ Երաժշտության պատմության մեջ, թերևս, չի եղել մեկ այլ պրեմիերա, որ այդպես համատեղ աշխատեն հեղինակն ու մեկնաբանողը։ 1953 թվականի ձմեռը Պրոկոֆևն անցկացրեց Մոսկվայում։ Հիվանդության սրացման պատճառով վտանգավոր էր մնալ Նիկոլինա Գորայում։ Փետրվարին, արտասահմանյան հյուրախաղերի մեկնելուց առաջ, Ռոստրոպովիչը շտապեց նրա մոտ՝ հրաժեշտ տալու։ Կոմպոզիտորի աշխատանքային սեղանին, տարբեր ձեռագրերի շարքում, նկատվում էին և արդեն սկսված պիեսները՝ թավջութակի համար։ Հրաժեշտ տալով, նա Ռոստրոպովիչին խնդրեց. «Շուտ վերադարձեք։ Ես սպասում եմ ձեզ»։
Պրոկոֆևի մահից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականի մարտի 5-ին Պրոկոֆևը վախճանվեց։ Նույն օրը վախճանվեց նաև Իոսիֆ Ստալինը, ինչն աննկատ թողեց ռուսական երաժշտության հանճարի հուղարկավորությունը։ Այս մեծ կորստի տառապանքը Ռոստրոպովիչին մղեց աշխույժ գործունեության։ Ինքն իր առջև առաջադրանք դրեց վերականգնել Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը բեմում և դա իրականացրեց 1954-ի դեկտեմբերի 9-ին՝ Դանիայի ռադիոյի նվագախմբի հետ` Տ. Յենսենի ղեկավարությամբ, Կոպենհագենում։ Այդ բանին նրան մղեց, հավանաբար, այն, որ նա ամաչում էր մոսկովյան երաժիշտների փոխարեն, ովքեր վշտացրել էին Պրոկոֆևին՝ պատշաճորեն չգնահատելով նրա ստեղծագործությունը։ Կոպենհագենյան համերգին հաջորդեցին ելույթները Նյու Յորքում և Լոնդոնում։ Հաջողությունը լիակատար էր։ «Սիմֆոնիա-կոնցերտը հավերժ կզբաղեցնի իր տեղը՝ Պրոկոֆևի լավագույն ստեղծագործությունների շարքում», - գրեց դանիական մամուլը։ Նման գնահատականը համարեցին նաև Ռոստրոպովիչի վաստակը, փաստելով, որ նրանից լավ անհնար է նվագել։ 1957 թվականի հունվարի 18-ին Սիմֆոնիա-կոնցերտը հնչեց Մոսկվայում՝ մայրաքաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Կուրտ Զանդերլինգի ղեկավարությամբ։ Այն ևս պսակվեց մեծ հաջողությամբ։
Գալինան
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականի գարնանը Ռոստրոպովիչի հորիզոնում երևաց Գալինա Վիշնևսկայան։ Նրանց մտերմությունը հաստատվեց Պրահայում։ Գալինայի հայրը տառապում էր հարբեցողությամբ, նա իրեն համարում էր թունդ կոմունիստ, բայց հայտնվել էր համակենտրոնացման ճամբարում՝ որպես հակահեղափոխական։ Անօգնական մնացած մայրն էլ ստիպված է լինում լքել դեռևս մանկահասակ Գալինային։ Աղջկան մեծացնում և դաստիարակում է տատիկը։ Նրանք ապրում էին Կրոնշտադտ քաղաքում։ Գալինան ուներ բնատուր գեղեցիկ ձայն, երաժշտական լսողություն և բացառիկ երաժշտական հիշողություն։ Լսելով երգեր և նույնիսկ արիաներ, նա իսկույն և հստակ երգում էր դրանք։ Նա երգում էր զգացմունքորեն, գեղեցիկ շարժումներով ու կեցվածքով և նրա տաղանդը վաղ տարիքից իրեն զգալ էր տալիս։ Գալինան դեռ 17 տարեկան էլ չկար, երբ նրան նկատեց ծովային սպա Վիշնևսկին, և նրանք ամուսնացան։ Գալինան հույս ուներ դառնալ երգչուհի։ Սակայն ամուսնությունը հաջող չէր, և նրանց ընտանիքը շատ արագ քայքայվեց։ Դրանից հետո Գալինան 1944 թվականին պայմանագիր կնքեց գավառի Օպերետի թատրոնի հետ։ Նրանք համերգների էին մեկնում զորամասեր, կոլխոզներ, գյուղեր՝ կատարելով Կալմանի, Օֆենբախի, Ստրելնիկովի օպերետները։ Նա նաև հաճախեց երաժշտական դպրոց, որտեղ, սակայն, անկարող ուսուցիչը փչացրեց նրա բնատուր ձայնը. անհետացան վերին հնչյունները, և Գալինային համոզեցին, թե նրա ձայնը մեցցո-սոպրանո է։ Այնուհետև նա հաճախեց 18-ամյա մի համեստ ուսուցչուհու՝ Վերա Գարինայի մոտ, որը երգեցողության դասեր էր տալիս՝ մեկ ժամի դիմաց վերցնելով մեկ ռուբլի։ Եվ Գալինայի բախտը բերեց. ուսուցչուհին, որ մինչ այդ չէր ունեցել ոչ մի տաղանդավոր աշակերտ, իսկույն նկատեց իր նոր աշակերտուհու ձայնային յուրահատուկ տվյալները և ճիշտ պարապմունքներով մեծապես նպաստեց նրա զարգացմանը։ Կրկին բացվեցին վերին հնչյունները և Վերա Գարինան Գալինային վստահեցրեց. «Քո ձայնը սոպրանո է։ Լիրիկական-դրամատիկ։ Կերգես սոպրանո։ Դեպի օպերա, քո ճակատին աստղ կա»։ Սակայն Գալինան այդպիսի կարիերայի չէր ձգտում և շարունակեց հանդես գալ օպերետի համույթում, որի տնօրեն Մառկ Ռուբինը սիրահարվել էր իրեն։ Նա Վիշնևսկայայից 22 տարով մեծ էր։ 1945 թվականին ծնվեց նրանց որդին և մահացավ երկու ամսից՝ սննդային թունավորումից։ Դրանից հետո Գալինան հիվանդացավ տուբերկուլյոզով, և ամուսինը գումար հավաքեց և նրան ուղարկեց սանատորիա։ Բժիշկները նրան արգելեցին երգել, սակայն նա գնում էր անտառ և այնտեղ երգում, քանի որ այլ կերպ չէր կարող։ Նա հավատացած էր, որ երգելն իրեն փրկեց մահից։ Ամուսնու հոգատարության շնորհիվ նա շուտով կազդուրվեց, իսկ Գարինայի մոտ անցկացվող դասերը հագեցած էին տարբեր օպերաների արիաներով և շուտով նա մեծ պաշար հավաքեց։ Մի անգամ Գալինան զբոսնում էր Նևայի պողոտայում, և մի ցուցապաստառ տեսավ, որով լսումների համար Արվեստների պալատ էին հրավիրվում երիտասարդ վոկալիստներ՝ Մեծ թատրոնի փորձնական խմբի համար։ Նա գնաց լսումների և անցավ հաջորդ փուլ, որ անցկացվելու էր Մոսկվայում։ Բնատուր ձայնն ու տաղանդն արեցին իրենց գործը. ամբողջ միության երկրներից միայն նա ընդունվեց Մեծ թատրոն։ Նրան այստեղ ընդունեցին ջերմորեն և ընդգրկեցին դժվարին պրեմիերայում. կատարելու էր Լեոնորայի դերը՝ Բեթհովենի «Ֆիդելիո» օպերայում։ Դրանից հետո հանդես եկավ «Եվգենի Օնեգին», «Ձյունանուշ», «Տրավիատա», «Աիդա» օպերաներում և բոլորն էլ՝ մեծ հաջողությամբ։
Մստիսլավ Ռոստրոպովիչի և Գալինա Վիշնևսկայայի ամուսնությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռք բերած հաջողություններից հետո Գալինային սկսեցին հրավիրել տարբեր համերգների։ Իսկ առաջին արտասահմանյան համերգը կայացավ Պրահայում։ Նա հասկացավ, որ սա կարևոր հյուրախաղ է, և նրանից շատ բան է կախված։ Այստեղ էր, որ Մստիսլավ Ռոստրոպովիչն ու Գալինա Վիշնևսկայան առաջին անգամ հանդիպեցին։ Այս կինն իսկույն նրան դուր եկավ՝ իր անկեղծությամբ ու զգացմունքայնությամբ։ Նշանակություն չուներ, որ ինքը ոչինչ չգիտեր նրա անցյալի մասին, դեռևս չէր տեսել բեմում. դա կարելի էր անվանել սեր՝ առաջին հայացքից, և նա արագ որոշեց ամուսնանալ նրա հետ։ Գալինան առաջին անգամ էր հանդիպում զգացմունքների նման անկեղծության և մտքի նման հմայքի։ Նա լավ չէր պատկերացնում, թե ինչպիսի երաժիշտ է Մոսկվայի կոնսերվատորիայի այս դոցենտը, դեռ ծանոթ չէր նրա նվագին, բայց ամբողջովին զգաց նրա զվարթ աշխարհընկալումը, ինտելեկտը, մշակութային արժեքները, որոնցով Մեծ թատրոնում աչքի էին ընկնում միայն ավագ, նախահեղափոխական սերնդի երաժիշտները։ Այս երիտասարդը խոսքը գրպանում ուներ, սիրահետում էր գեղեցիկ։ Նման հմայքին դիմակայելը դժվար էր, և նույնիսկ իր համար էլ անսպասելիորեն Վիշնևսկայան ենթարկվեց այդ հմայքին։ «Ես սեր էի փնտրում, հանուն որի արժեր մեռնել, ինչպես իմ օպերային հերոսուհիները։ Մենք հաճախ առիթներ էինք փնտրում միմյանց հանդիպելու, և այլևս ոչ մի ուժ մեզ ետ պահել չէր կարող»։ Պրահայում անցկացրած չորս օրից հետո նրանք դարձան ամուսիններ։ Բայց ստիպված էին լռել... Մոսկվայում նրանց սպասում էր ամենամեծ դժվարությունը։ Ճիշտ է, թեև Ռուբինի հետ իր ամուսնությունն արդեն սպառվել էր ու ձևական բնույթ էր կրում, սակայն Գալինան չէր կամենում նման մեծ հարված հասցնել այն մարդուն, ով իրեն օգնել էր այնքան դժվարին ժամանակահատվածում։ Նա սիրում էր կնոջը, խանդում էր, ուրախանում էր նրա հաջողություններով։ ... Այդ ամենն ավարտվեց նրանով, որ Գալինան պարզապես տեղափոխվեց Ռոստրոպովիչի մոտ։ Թվում էր, թե նրանց ամուսնությունը երկար կյանք չի ունենա, ինչպես հաճախ պատահում է ուժեղ բնավորությամբ տաղանդավոր արտիստների ամուսնության դեպքում։ Սակայն պատահեց հակառակը, նրանց ամուսնությունը տարիների հետ ավելի ամրապնդվեց։ 1956 թվականին ծնվեց նրանց առաջին դուստրը՝ Օլգան։ Դրանից հետո նրանք տեղափոխվեցին նոր բնակարան՝ Օգարյով փողոցում։ Այստեղ էլ ծնվեց նրանց երկրորդ դուստրը՝ Ելենան։ Նրանց փոքր-ինչ հասակ առնելուց հետո Ռոստրոպովիչը սկսեց նրանց երաժշտական կրթությունը՝ դաշնամուրային փոքրիկ նվագներով։ Նա համարում էր, որ դաշնամուրը գործիքային երաժշտության հիմնաքարն է։
Շոստակովիչի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոստակովիչի Թավջութակի սոնատը (1934 թ.) հեղինակի առաջին ստեղծագործությունն էր, որ կատարեց Ռոստրոպովիչը։ Դրա կատարումը նրա համար առաջին ծանոթություններից մեկն էր թավջութակի համար գրված խորհրդային երաժշտության հետ։ Ռոստրոպովիչը Սոնատը նվագեց դաշնակահարների և հենց Շոստակովիչի հետ։ Հաջողություն եղավ, սակայն գործը չհասավ մենահամերգների։ Սովորաբար համարձակ Ռոստրոպովիչը Շոստակովիչի կողքին իրեն կաշկանդված էր զգում և իր արտիստական հնարավորություններն ամբողջությամբ չէր դրսևորում։ Նրանց համագործակցությունը սկսվեց 1950-ականների վերջին։ Ուշադրությամբ ծանոթանալով երաժշտական կյանքի փոփոխություններին, Շոստակովիչը հետաքրքրությամբ էր հետևում իր ոչ վաղուցվա աշակերտի գործունեությանը, հաճախում էր նրա համերգներին և հասկացավ, որ ի հայտ է եկել մի թավջութակահար, որին կարելի է վստահել իր ստեղծագործությունները, քանի որ նա գիտե, զգում է ժամանակակից երաժշտությունը և ձգտում էր մասնակցել նրա զարգացմանը։ Ռոստրոպովիչը հասել էր արտիստզմի և վիրտուոզ կատարողականության մի այնպիսի բարձր մակարդակի, որից հեռու էին Շոստակովիչին ծանոթ մյուս թավջութակահարները։
Եվ ահա, հավատալով Ռոստրոպովիչին, Շոստակովիչը մտադրվեց նրա համար գրել նոր ստեղծագործություն՝ Թավջութակի կոնցերտ՝ նվագախմբի հետ։ Ի տարբերություն Պրոկոֆևի, Շոստակովիչը ստեղծագործելու ընթացքն անցնում էր առանց Ռոստրոպովիչի մասնակցության։ Այդ սովորությունը նա երբեք չխախտեց, երբեք խորհրդի չէր դիմում և չէր ձգտում ստեղծագործությունը հարմարեցնել թավջութակահարի ձեռագրին, ինչպես անում էր Պրոկոֆևը, ոչ առանց հիմքի միշտ մտածելով, որ Ռոստրոպովիչն ամեն ինչ կարող է նվագել, ցանկացած բարդություն կարող է հաղթահարել։ Սա ոչ թե հերթական գործիքային կոնցերտն էր, որտեղ, ժանրին հատուկ կերպով, կարծես, մրցում են նվագախմբային ու մենանվագային հատվածները, այլ սիմֆոնիա էր, որտեղ նվագախումբն ու մենակատարը հանդես են գալիս միասնաբար. քնարական հնչող թավջութակը դարձել էր մի նվագարան, որ արտահայտում էր ողբերգականություն, զգացմունքների սրացում, տառապանք ու խանդավառություն։ 29 րոպե տևող չորս մասից բաղկացած ստեղծագործության մեջ հնչում էին երկխոսություններ, իմպրովիզացիոն մոնոլոգներ և ռուսական երգեցողության ոգով հիասքանչ մեղեդիներ։ 1959 թվականի հուլիսի 24-ին Շոստակովիչն ավարտեց այս ստեղծագործութոյւնը՝ Թավջութակի առաջին կոնցերտը։ Իմանալով այդ մասին, Ռոստրոպովիչը շտապեց քաղաք Կամարովո, որտեղ այդ ընթացքում Շոստակովիչը մնում էր քրոջ բնակարանում։ Նվագելով կոնցերտը, Շոստակովիչը հարցրեց նրան. «Անկեղծորեն ասացեք, Սլավա, ձեզ դո՞ւր է գալիս այս երաժշտությունը»։ Ապա, նրա հիացական պատասխանը լսելուց հետո վրա բերեց. «Փառք Աստծո։ Ուրեմն կարող եմ մակագրել, որ այն ձեզ է ձոնված»։ Վերցնելով պարտիտուրան, Ռոստրոպովիչը նույն օրն իսկ սկսեց պարապել հյուրանոցում։ Մի քանի օր անց դաշնակահար Դեդյուխինի հետ կրկին գնաց Շոստակովիչի մոտ՝ նվագելու։ Շոստակովիչը շտապեց նոտակալը բերել, սակայն Ռոստրոպովիչը կանգնեցրեց նրան, ասելով, որ նոտակալ հարկավոր չէ և ամբողջ կոնցերտն անգիր նվագեց։ Արդեն հոկտեմբերի 4-ին Լենինգրադում կայացավ պրեմիերան՝ Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ։ Մոսկվայում ևս կայացած համերգից մեկ ամիս էլ չանցած Ռոստրոպովիչը Կոնցերտը կատարեց ԱՄՆ-ում՝ տարբեր նվագախմբերի հետ։ Ֆիլադելֆիայում, համերգից առաջ, դիրիժոր Յուջին Օրմանդին այդ պրեմիերան անվանեց պատմական իրադարձություն։ Փարիզում ևս Կոնցերտը ջերմ ընդունելության արժանացավ։ Դրանից հետո փարիզյան մամուլը գրեց. «Ռոստրոպովիչն անկասկած, մեր ժամանակների ամենամեծ թավջութակահարն է աշխարհում»։ 1960 թվականին արդեն Ռոստրոպովիչն այս ստեղծագործությամբ ելույթ ունեցավ Չեխոսլովակիայում և Լոնդոնում։ Շոստակովիչն այդ շրջանում միայնակ բնակվում էր Մոսկվայում։ Առաջին կնոջ մահից հետո երկրորդ ամուսնությունն անհաջող էր և շուտով բաժանվեց կնոջից։ Մարդկային երջանկություն փնտրող կոմպոզիտորի տան մշտական հյուրերը դարձան Մստիսլավ Ռոստրոպովիչը և Գալինա Վիշնևսկայան։ Շոստակովիչի դուստր Գալինան հետագայում հիշում է, որ երբ հայրը հիվանդանում էր, նրա ապաքինմամբ զբաղվում էր Ռոստրոպովիչը. ակնթարթորեն հայտնվում էին բժիշկներ, դեղորայք։ Երբեմն նաև գումարով էր օգնում։ Նա այդպես էր վարվում ոչ միայն մեծ կոմպոզիտորի հանդեպ կարեկցանքից, այլև չէր կարող թույլ տալ, որ կենցաղային դժվարին պայմանների պատճառով տուժեր երաժշտությունը և հանճարը բախվեր կենցաղային ճղճիմ խնդիրների հետ։ Նա և Վիշնևսկայան դարձան անհրաժեշտ մարդիկ՝ կոմպոզիտորի անձնական կյանքի այդ դժվարին ժամանակներում, ինչը վերջինս երբեք չմոռացավ։
Շոստակովիչը դիրիժորական վահանակի առջև
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականի աշնանը կայանալու էր հետաքրքիր ծրագրով համերգ։ Սակայն այն հետաքրքիր էր նաև կատարողների առումով. առաջին անգամ դիրիժորի դերում հանդես էր գալու Շոստակովիչը, ում համոզել էր Ռոստրոպովիչը։ Բանն այն է, որ Շոստակովիչն արդեն չորս տարի հիվանդ էր։ Թուլացել էին ձեռքերը, չէին ենթարկվում ոտքերը։
Բժշկական հետազոտությունը ոչ մի ախտորոշում չտվեց, իսկ Շոստակովիչն իր հիվանդությունը, ոչ առանց հիմքի, համարում էր հոգեկան վիճակի արդյունք։ Ռոստրոպովիչն ամեն ջանք գործադրում էր, Հնդկաստանից բերել տվեց վայրի դեղաբույսերի արմատներ, բայց ապաքինման նշաններ չէին երևում։ Ռոստրոպովիչը շատ էր կամենում ամրապնդել իր մեծ ընկերոջ կամքը, համոզել նրան, որ ձեռքերը կարող են գործել։ Նա հասկանում էր, որ հակառակ հիվանդությանը, Շոստակովիչը չէր ուզում թողնել համերգային գործունեությունը, և որ ելույթները նրա կոմպոզիտորական աշխատանքի էական մասն են կազմում։ Բայց քանի որ այժմ դաշնամուր նվագել չէր կարողանում, Ռոստրոպովիչը կարծում էր, որ նվագախմբի ղեկավարումը կարող էր ինչ-որ չափով փոխարինել դրան՝ լինելով ֆիզիկապես ավելի հեշտ։ Հենց ինքն էլ նվագախումբը պատրաստեց համերգին, զբաղվեց տեմպով, ձայների համաչափությամբ։ Իսկ նվագախմբի երաժիշտները լցվել էին խանդավառությամբ, որ դիրիժորական վահանակի մոտ կանգնելու է մեծ կոմպոզիտորը։ 1962 թվականին Շոստակովիչն ամուսնացավ Իրինա Սուպինսկայայի հետ, որը կոմպոզիտորից փոքր էր 28 տարով ու թեև ավարտել էր մանկավարժական ինստիտուտը և երաժշտությամբ չէր զբաղվում, սակայն կարողացավ դառնալ Շոստակովիչի ստեղծագործական կյանքի նվիրված ուղեկիցը, հասկանալ նրա հետաքրքրությունները և մտնել նրա ընկերական շրջապատ։ Ռոստրոպովիչի ու Վիշնևսկայայի հետ նա իսկույն կարողացավ հաստատել ջերմ ու վստահելի մտերմություն։ Սուպինսկայայի հետ ամուսնությունը պաշտոնապես գրանցվեց նոյեմբերի սկզբին։ Հարսանեկան արարողություններ չկատարվեցին և արդեն նոյեմբերի 10-ին Շոստակովիչը սկսեց ղեկավարել փորձերը՝ փոխարինելով Ռոստրոպովիչին։ Վերջինս դահլիճում էր, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգներ Շոստակովիչին, բայց նա փորձը վարեց հանգստությամբ ու եռանդով։ Նրա շարժումներում նկատվում էր աջ ձեռքի թուլությունը։ Ստիպված դիրիժորական փայտիկն առավ ձախ ձեռքը, իսկ հստակ շարժումները նվագախումբն ընկալում էր միմիկայի միջոցով։ Ծրագիրը կազմել էին հետևյալ կերպ. առաջին մասը՝ Տոնական նախերգանքը և Թավջութակի կոնցերտը (մենակատար՝ Մ. Ռոստրոպովիչ) նվագախումբը կատարում էր Շոստակովիչի ղեկավարությամբ, իսկ երկրորդը («Կատերինա Իսմայիլովա» օպերայից հատվածներ և «Մահվան երգերն ու պարերը» ստեղծագործությունը՝ Գալինա Վիշնևսկայայի կատարմամբ) ղեկավարում էր Ռոստրոպովիչը։ Ինչպես Շոստակովիչը, Ռոստրոպովիչը ևս դիրիժորական փայտիկը հրապարակավ ձեռքն էր առնում առաջին անգամ։ Ուշադրության կենտրոնում գտնվող Շոստակովիչի հովանու ներքո Ռոստրոպովիչը փորձում էր նվագախումբ ղեկավարելու իր կարողությունները և այդ քննությունը նա լավ հանձնեց։ Համերգը կայացավ նոյեմբերի 12-ին և անցավ մեծ հաջողությամբ, չնայած այն բանին, որ վերջում իրեն հղված շնորհավորանքներին Շոստակովիչը պատասխանում էր. «Դժվար էր»՝ նկատի ունենալով ֆիզիկական ու հոգեբանական դժվարությունները։
Շոստակովիչի նոր աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոստակովիչի երրորդ ամուսնությունը չափազանց հաջող դուրս եկավ։ Նա վերջապես գտավ ընտանեկան ջերմություն ու խաղաղություն։ Նա սկսեց հուսալ, որ շուտով իր հիվանդությունը կնահանջի։ 1966-ի ապրիլին նա մեկնեց Ղրիմ և ամսի 27-ին ավարտեց Թավջութակի երկրորդ կոնցերտը։ Նրանում կոմպոզիտորը հիմնականում կենտրոնացել էր թավջութակի մենանվագային հնարավորությունների վրա՝ որպես մենակատար նկատի ունենալով հենց Ռոստրոպովիչին։ Նոտաները Մոսկվայում ստանալուց մեկ օր անց Ռոստրոպովիչն սկսեց նվագել այս ստեղծագործությունը, իսկ արդեն մայիսին մեկնեց Ղրիմ և այն հնչեցրեց Յալթայի թատերական դահլիճում։ Լավ գիտենալով, թե Շոստակովիչը որքան է ցանկանում իր նոր ստեղծագործությունները հնչեն հանդիսատեսի առջև, ինչպիսի անհամբերությամբ է նա սպասում պրեմիերաներին և որքան անհանգիստ է սպասում հանդիսատեսի գնահատանքին, նաև խորին ակնածանք ու մեծ սեր տածելով մեծ կոմպոզիտորի հանդեպ, Ռոստրոպովիչը կազմակերպեց Ղրիմի այս համերգը՝ վստահ լինելով, որ դա հոգեկան մեծ աջակցություն կլինի նրա համար և կնպաստի ապաքինմանը։ Այն պետք է նվիրվեր կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին։ Մայիսի 28-ի առավոտյան Լենինգրադի Փոքր դահլիճում կայացավ փորձը՝ Շոստակովիչի ղեկավարությամբ։ Կոմպոզիտորը խիստ համբերատարությամբ շտկում էր ամեն մի թերություն։ Սակայն նրա ներքին անհանգստությանն արձագանքեց սիրտը. կեսգիշերին Շոստակովիչն իրեն վատ զգաց, բայց ժամանած Շտապ օգնության բուժաշխատողներն ինֆարկտ չգրանցեցին։ Այն հայտնաբերվեց միայն ցերեկը։ Ռոստրոպովիչն այդ բոլոր ժամերին Շոստակովիչի կողքին էր և նրա միջնորդությամբ Մոսկվայից ժամանեց պրոֆեսոր Վոտչալը՝ ղեկավարելու բուժումը։ Ամբողջ ամառն անցավ Շոստակովիչի առողջության հանդեպ անհանգստությամբ, իսկ Ռոստրոպովիչը զբաղվեց Թավջութակի երկրորդ կոնցերտով։ Հոբելյանական միջոցառումները Մոսկվայում սկսվեցին ԽՍՀՄ-ի սիմֆոնիկ նվագախմբի երկու համերգով, որոնցից առաջինում ընդգրկված էին Յոթերորդ սիմֆոնիան և Թավջութակի առաջին կոնցերտը՝ Ռոստրոպովիչի կատարմամբ։ Երկրորդ համերգը ծրագրվում էր Շոստակովիչի ծննդյան 60-րդ տարեդարձի օրը՝ 1966-ի սեպտեմբերի 25-ին։ Կոմպոզիտորն արդեն ժամանել էր Մոսկվա, բայց ոչ ոք չգիտեր, նա համերգին կներկայանա՞ արդյոք։ Հոբելյանական օրը նրա բնակարան բերեցին «Սթեյնվեյ» ռոյալ՝ Ռոստրոպովիչի նվերը, որն անհանդուրժելի էր համարում, որ մեծ կոմպոզիտորը օգտագործում էր վարձույթով վերցված դաշնամուր։ Համերգից կես ժամ առաջ Շոստակովիչը եկավ Մեծ դահլիճ և հասարակությունից աննկատ նստեց խորքի օթյակում։ Ռոստրոպովիչը նվագեց Թավջութակի երկրորդ կոնցերտը, որն ընդունվեց մեծ ջերմությամբ։ 1969 թվականին Շոստակովիչը գրեց Տասնչորսերորդ սիմֆոնիան՝ Գ. Ապոլիների, Ֆ.-Գ. Լորկիի, Ռ.-Մ. Ռիլկեի և Վ. Կյուխելբեկերի խոսքերով։ Կանացի ձայնի համար նա նախատեսում էր Վիշնևսկայային։ Ռոստրոպովիչն իսկույն սովորեց պարտիտուրան։ Նրա ջանքերով նաև ստեղծագործությունը ձայնագրվեց սկավառակի վրա։
Ռոստրոպովիչը և Հայաստանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մստիսլավ Ռոստրոպովիչը համերգային շրջագայություններով Հայաստան է այցելել երեք անգամ՝ 1965, 1972 և 1973 թվականներին և նվագել Երևանի, Լենինականի (Գյումրի) և Կիրովականի (Վանաձոր) բեմերում։ 1972 թվականին համերգից առաջ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը հանդիսատեսին ծանոթացրել է Ռոստրոպովիչի համերգային շրջագայություններին, նրա կատարողական և մանկավարժական գործունեությանը։ Հնչել են Գրիգի, Գլյուկի, Շոստակովիչի, Բեթհովենի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Տեղի մամուլը մեծ խանդավառությամբ է անդրադարձել «Թավջութակի արքայի» ելույթներին՝ բախտավոր համարելով հայ հանդիսատեսին, որ հնարավորություն է ունեցել ունկնդրելու մեծ երաժիշտին՝ մեջբերելով Ռոստրոպովիչի խոսքերը. «Ինչո՞վ է Նյու-Յորքի հանդիսատեսը լավ Լենինականի հանդիսատեսից, ինչո՞ւ նրանց համար ես պետք է նվագեմ մեծ պատասխանատվությամբ, իսկ ձեզ համար՝ ոչ։ Դրանով ես կվիրավորեմ մեծ երաժշտությունը և հետո՝ ինձ, ես ատելի կդառնամ առաջին հերթին ինձ համար» («Բանվոր» օրաթերթ, 12 դեկտեմբերի, 1972 թ.): Իսկ 1973 թվականին Լենինականում կայացած համերգը նվիրված է եղել կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 70-ամյակին։ Ռոստրոպովիչին նաև աշակերտել են հայ երաժիշտներ՝ Մեդեա Աբրահամյանը (Ռոստրոպովիչի առաջին ուսանողը), Դավիթ Գրիգորյանը, Կարինե Գեորգյանը, Վահրամ Սարաջյանը։ Մեդեա Աբրահամյանը պատմում է, որ ուսուցանելիս նա երբեք նվագելով չէր ցույց տալիս իրենց, թե ինչպես անել, այլ բացատրում էր այնքան պատկերավոր, որ աշակերտների համար միանգամայն պարզ էր լինում[14]։ Իսկ Տիգրան Ադամյանը, հիշելով 1973 թվականի հանդիպումը, պատմում է, որ բախտ է ունեցել նվագելու Ռոստրոպովիչի առաջ։ «Հուզմունքից ձեռքերս սկսել էին դողալ. չէ՞ որ նվագելու էի իմ մասնագիտական կուռքի առջև։ Դա նկատելով Ռոստրոպովիչն ասաց. «Գիտե՞ս, նույն կերպ ես էի հուզվում, երբ պետք է նվագեի Կասալսի առաջ։ Մի հուզվիր և վստահ նվագիր»։ Տեխնիկական մի քանի նրբություններ բացատրեց՝ բռնելով ձեռքս։ Կարծես մի հրաշագործ ալիք անցավ ձեռքովս և շուտով ստացվեց այն, ինչ բացատրում էր։ Վերջում խորհուրդ տվեց նստած չմնալ Լենինականում, այլ տեղափոխվել Մոսկվա»։ Թավջութակահարը մտերիմ է եղել նաև Էդվարդ Միրզոյանի հետ. այդ նրա՛ շնորհիվ են ստեղծվել կոմպոզիտորի մի քանի գործեր, քանի որ, ինչպես հիշում է Միրզոյանը, Ռոստրոպովիչը Դիլիջանի կոմպոզիտորների տան սենյակում կողպել էր իրեն պայմանով, որ դուռը չի բացելու, մինչև չավարտի կիսատ թողած ստեղծագործությունները։ Երբ 1988 թվականին ավերիչ երկրաշարժը հարվածեց իրեն սիրելի դարձած Լենինականին, Մստիսլավ Ռոստրոպովիչը համերգային շրջագայություններով ելույթ ունեցավ աշխարհի բազմաթիվ բեմերում և ամբողջ հասույթը, որ կազմել էր կես միլիոն դոլար, փոխանցեց Հայաստանին։ Այս մասին նույնպես վկայում է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը (Лилит Епремян, Эдвард Мирзоян в письмах и диалогах, Ереван, 2011, стр. 237):
Խորհրդային իշխանության անբարյացակամ վերաբերմունքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային իշխանություններն արդեն վաղուց դժգոհ էին Ռոստրոպովիչից։ Նա իր շուրջը տեսնում էր գոյության ներքին պայքար, և չնայած մարդիկ զվարթորեն երգում էին, որ «ուրիշ ոչ մի երկիր չգիտեն, որտեղ կարելի է այդքան ազատորեն շնչել», և ինքը նույնպես ակամա ենթարկվում էր այդ համատարած ինքնախաբեությանը, բայց ամեն դեպքում նրա բնատուր խորաթափանց միտքը, անկախ բնավորությունը նրան հաճախ հանգեցնում էին այն եզրակացությանը, որ սոցիալիստական կարգերը այնքան էլ մարդասիրական չէին։ Բնավորությամբ լինելով աշխույժ և գործունյա, նա ընդգրկվեց կոմսոմոլի շարքերը, բայց կոմկուսի շարքերն այդպես էլ չընդգրկվեց, ինչպես հնազանդորեն արել էին իր գործընկերները՝ Դավիդ Օյստրախը և Շոստակովիչը։ Նույնիսկ նրա հանդեպ բարեհաճ վերաբերմունքը նրան չդրդեցին դառնալու ռեժիմի հլու կամակատար։ Նա միշտ կոնֆլիկտներ էր ունենում իշխանության ներկայացուցիչների հետ արտասահմանյան հյուրախաղերի առթիվ. մերթ Գալինա Վիշնևսկայային չէին թույլատրում մեկնել ԱՄՆ, որտեղ Ռոստրոպովիչը ելույթ էր ունենալու, մերթ պահանջում էին, որ երկու տարի առաջ պաշտոնյաներին ներկայացներ առաջիկա բոլոր համերգային ծրագրերը։ Մի անգամ ամերիկացի երաժշտական և թատերական պրոդյուսեր Սոլ Յուրոկի հրավերով լինելով ԱՄՆ-ում, Ռոստրոպովիչը նրա հետ ճշտում է հաջորդ մենահամերգի ստեղծագործությունների ցանկը։ Սակայն վերադառնալով Մոսկվա, նրան իշխանությունները զրպարտում են, թե առանց հատուկ պաշտոնյայի հետ համաձայնեցվելու է կազմվել ցուցակը։ Թավջութակահարին առաջարկում են ցանկը ներկայացնել պաշտոնյային, և նա թավջութակի համար գրված ստեղծագործություններից բոլորովին անտեղյակ պաշտոնյային թելադրում է գոյություն չունեցող ստեղծագործություններ, ինչպես օրինակ Մոցարտի Թավջութակի սոնատը։ Պաշտոնյան այս «ճշտված» նվագացանկը ներկայացնում է Սոլ Յուրոկին, որպեսզի ամերիկյան այն նվագախումբը, որը ելույթ էր ունենալու Ռոստրոպովիչի հետ, փորձեր անի։ Սակայն, երբ Յուրոկը կարդում է այն, մեծ իրարանցում է բարձրանում։ Մինչև իսկ Զալցբուրգում սկսում են փնտրել Մոցարտի ձեռագրերը՝ գտնելու համար այդ ստեղծագործության նոտաները, մինչև որ Ռոստրոպովիչը խոստովանում է, որ կատակել է։ Իր մասին խոսելիս Ռոստրոպովիչն ասում էր, որ քաղաքականությամբ չի զբաղվում, այլ միայն երաժշտությամբ։ Քառասուն տարի շարունակ նա ուներ ամեն ինչ, որ կարող էր ցանկանալ մարդը. սիրած աշխատանք, առողջություն, նվիրված գեղեցկուհի կին, որը նաև իր հավատարիմ ուղեկիցն էր ստեղծագործական կյանքում, երկու զավակ, բազմաթիվ աշակերտներ, խորհրդային չափանիշներով հարմարավետ կացարան, ամառանոց և երեք ավտոմեքենա։ Նա շատ էր վաստակում, հաճախ մեկնում էր արտասահման, ինչը քչերին էր հասանելի։ Արդեն նրա մասին գրքեր էին գրվում, ֆիլմեր էին նկարահանվում, և կարելի էր կարծել, որ հասել է բարձունքների կատարին։ Բայց անկախության այդ աստիճանը Խորհրդային վարչակարգը տանել չէր կարող, ինչպես արդեն ցույց էր տվել՝ հալածելով Պրոկոֆևին ու Շոստակովիչին։ Ռոստրոպովիչը երկար ժամանակ բացառություն էր, ինչը ենթադրել էր տալիս, որ վաղ թե ուշ նա բախվելու էր վարչակարգի ջատագովների ու դրանց հլու կամակատարների հետ։ Կոնֆլիկտն անխուսափելի էր։ Նրան զսպելու, ճնշելու և պախարակելու համար միայն առիթ էր պետք։ Եթե չլիներ Սոլժենիցինը, կգտնվեր մեկ ուրիշ պատճառ, բայց նույնքան հիմնավոր ու սկզբունքային։
Ծանոթությունը Սոլժենիցինի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոստրոպովիչն արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Ալեքսանդր Սոլժենիցինի մասին իմացել էր՝ կարդալով նրա «Իվան Դենիսովիչի մեկ օրը» վիպակը, որը հրատարակվել էր «Նովի միր» ամսագրում։ Տպավորությունը ցնցող էր, սակայն նրանց հանդիպումը կայացավ միայն հինգ տարի անց։ Սոլժենիցինն իր հրապարակումներում Լենինին «Վովկա» էր անվանել, իսկ Ստալինին՝ «Պախան», ինչի համար նրան ձերբակալել էին 1945 թվականին և ութ տարով աքսորել։ Այնտեղ առողջական վիճակի վատացման պատճառով ազատվում է ճամբարից և դատապարտվում ցմահ բանտարկության։ Սակայն 1956-ին արդարացվել էր և մեկնել Դոնի Ռոստով։ Այս շրջանում նա գրեթե ոչ մի տեղ չէր երևում, մերժում էր հարցազրույցի հրավերները և ազատ արձակվելուց հետո ամբողջ ժամանակ իր վրա զգում էր պետական մարմինների հսկող հայացքը։ Ինչպես ինքն էր բնութագրում, կարծես պատանդ լիներ օտար հողում։ 1967 թվականի նոյեմբերին Ռոստրոպովիչը հյուրախաղերի մեկնեց Ռյազան, որտեղ հաստատվել և ապրում էր Սոլժենիցինը. նվագում էր Չայկովսկու «Վարիացիաներ Ռոկոկոյի թեմաներով» ստեղծագործությունը Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Կիրիլ Կոնդրաշինի ղեկավարությամբ։ Հնչեցին նաև Բեթհովենի «Հինգերորդ սիմֆոնիան» և Պրոկոֆևի «Դասական սիմֆոնիան»։ Սոլժենիցինը սիրում էր երաժշտություն, ինչին մեծապես նպաստում էր դաշնակահարուհի կինը։ Երաժշտությունը նրա ստեղծագործական ընթացքի անբաժան ուղեկիցն էր, իսկ այդ ասպարեզում նրան հաճախ ուղղորդում էր հավատարիմ բարեկամ Ելիզավետա Վորոնյանսկայան, որի հետ մեկ անգամ չէ, որ լսել էր Մոցարտի ու Վերդիի «Ռեքվիեմ» համանուն ստեղծագործությունները։ Ավելի ուշ, արդեն գաղթած լինելով երկրից, Սոլժենիցինը ամեն տարի օգոստոսին 28-ին լսում էր Վերդիի «Ռեքվիեմը», որի սկավառակը նվիրել էր Վորոնյանսկայան՝ իր մակագրությամբ. դա այն օրն էր, երբ Վորոնյանսկայան վերջ էր տվել իր կյանքին, այլևս չկարողանալով տանել իշխանությունների գործադրած ճնշումները այն բանի համար, որ հաճախ օգնում էր Սոլժենիցինին։ Ռյազանի այդ համերգին ներկա էր նաև Սոլժենիցինը, սակայն վերջում չմոտեցավ հաջողությամբ ելույթ ունեցած թավջութակահարին շնորհավորելու։ Նրա հետ շփվելու առիթը չգտավ։ Հաջորդ օրը Ռոստրոպովիչն ի՛նքը հայտնվեց նրա մոտ։ Որքան էլ Սոլժենիցինը հալածանքներից հետո դարձել էր քիչ վստահող և շատ զգուշավոր, բայց այս՝ կյանքով լեցուն երաժշտին իսկույն սիրեց և վստահեց։ Նա զգաց, որ Ռոստրոպովիչն իր մոտ է եկել ոչ թե հետաքրքրասիրությունից, այլ անկեղծ զգացմունքից մղված, որի բնավորության մեջ հարազատ բան էր զգում։ Ռոստրոպովիչը ցնցված էր այն խղճուկ պայմաններից, որոնցում ապրում էր մեծ գրողը։ Այսպիսով, բարեկամությունն ամրապնդվեց և նրանք սկսեցին հաճախ հանդիպել։ Սոլժենիցինի 50-ամյակի առթիվ Ռոստրոպովիչը արտասահմանյան հյուրախաղերից վերադառնալիս պատճենահանող սարք բերեց, որպեսզի գրողը կարողանա բազմացնել իր ստեղծագործությունները։ Դա խիստ արգելված էր օրենքով, քանի որ պատճենահանող սարքերի ներկրումը համարվում էր հանցագործություն։ Սակայն բարեբախտաբար մաքսային ծառայությունում չստուգեցին երաժշտի բեռները և սարքը բավականին երկար ծառայեց իր նպատակին։ Խրուշչովյան լիբերալիզացիայի արձագանքները դեռևս չէին մարել, ինչպես և չէր խամրել հասարակարգի բարելավման հույսը։ Այդ հույսը չէր կորցրել նույնիսկ բազում փորձությունների միջով անցած Սոլժենիցինը։
Ապաստան Սոլժենիցինի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին Սոլժենիցինը վերջնականապես կորցրեց հայրենիքում իր ստեղծագործությունները հրապարակելու հույսը և սկսեց դրանք տպագրել արտասահմանում։ Նրա ելույթները խորհրդային կարգերի դեմ դառնում էին ավելի ու ավելի կտրուկ։ 1969 թվականի սկզբին Սոլժենիցինինը հյուրընկալվել էր Ռոստրչոպովիչի մոտ՝ մերձմոսկովյան Ժուկովկա գյուղի տանը։ Նրանք միասին զբոսնեցին, և Ռոստրոպովիչը արդեն որերորդ անգամ կրկնեց իր մոտ ապրելու առաջարկըը. «Թող որևէ մեկը հանդգնի քեզ դիպչել իմ տանը»։ Երբ դրանից հետո ՊԱԿ-ը ուժգնացրեց հալածանքները գրողի հանդեպ, նույն տարվա սեպտեմբերին Ռոստրոպովիչն այցելեց Սոլժենիցինի տուն և արդեն ոչ թե առաջարկեց, այլ ստիպեց բնակության տեղափոխվել Ժուկովկա գյուղի իր տունը, որտեղ կապահովի ստեղծագործելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները նրա համար։ Նա ուներ այն համոզմունքը, որ հարկավոր է օգնել իզուր հալածվող անմեղ մարդուն։ Նա չէր գիտակցում, թե ինչպիսի բարդություններ էր ստեղծում դրանով իր համար, չէր կանխատեսում այդ քայլի հետևանքները։ Գալինան երկու դուստրերի հետ հարդարում է Սոլժենիցինի համար նախատեսված սենյակները և ստեղծում հաճելի հարմարավետություն։
1969 թվականի սեպտեմբերի 19-ի առավոտյան ժամը 6-ին Սոլժենիցինինն իր հին «Մոսկվիչ» ավտոմեքենայով հայտնվեց Ռոստրոպովիչի ամառանոցում, տեղավորեց իր իրերը և գործով իսկույն մի քանի օրով մեկնեց Մոսկվա։ Գրողին ճանապարհելուց հետո Գալինան մտավ Սոլժենիցինի մասնաբաժինը՝ տեղավորելու համար նրա իրերը և ցնցվեց՝ տեսնելով, որ մահճակալի վրա դրված էր միայն մեկ փոքրիկ կապոց՝ տղամարդու անվարժ ձեռքով կապված բարձի ծածկոցով, որի մեջ փաթաթված էին բամբակե մի սև հին վերարկու և այլումինե ծռմռված մի թեյնիկ։ Ինչպես հիշում էր Գալինան, տպավորություն էր, թե համակենտրոնացման ճամբարից հենց նոր դուրս եկած մարդու իրեր էին, որը պատրաստվում էր քիչ անց նորից այնտեղ վերադառնալ։ Մի քանի օր անց Մոսկվայից վերադառնալով, Սոլժենիցինը խնդրեց այդ ամենին ավելացնել միայն մեկ սեղանիկ ու նստարան, որն արդեն իսկ նրա համար մեծ շքեղություն կլիներ։ Բերել էր նաև իր գրասեղանը, որի մոտ նստած աշխատել էր սովոր։
Ժուկովկայում հայտնի մարդկանց ներկայությամբ չէիր զարմացնի։ Այնտեղ մարդիկ կատակում էին, թե Ռոստրոպովիչի մոտ նոբելյան մրցանակակիր է ապրում։ Իսկ Սոլժենիցինը հազվադեպ էր ամառանոցի դարպասներից դուրս ելնում, և ոստիկանությունն էլ անհրաժեշտ անցագիր չունեցող գրողի հայտնվելուն սկզբում ուշադրություն չէր դարձնում։ Նույն տարվա մեջ պետությունը Սոլժենիցինին նրբորեն պարտավորեցրել էր կամավոր հեռանալ հայրենիքից։ Նույնիսկ որոշ չափով թուլացրել էր նրա հանդեպ ճնշումները, ինչը զարմացնում էր նրան։ Բայց շուտով Սոլժենիցինինին հեռացրին ԽՍՀՄ գրողների միությունից։ Ռոստրոպովիչն առնելով այդ լուրը, բղավում է, որ դա խայտառակություն է։ Սոլժենիցինը Գրողների միությանը հղած իր բաց նամակն առաջինը ցույց տվեց Ռոստրոպովիչին, որտեղ ասում էր, թե միությունն ի վիճակի չէ այլևս որևէ կառուցողական ու բարի բան շարունակել, այլ միայն ատելություն։ Պատասխանը տպագրվեց «Գրական թերթում»՝ Գրողների միության քարտուղարության անունից, որտեղ Սոլժենիցինի վրա ցեխ շպրտելով նրան առաջարկում էին գնալ այնտեղ, որտեղ ամեն անգամ խանդավառությամբ են ընդունում նրա հակասովետական ստեղծագործություններն ու նամակները։ Ռոստրոպովիչը պատրաստվում էր բողոքարկել այդ որոշումը։
Հետագա զարգացումները
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականի տարեմուտը Սոլժենիցինինը դիմավորեց Ժուկովկայում։ Ռոստրոպովիչն ու Վիշնևսկայան այդ ժամանակ հյուրախաղերով գտնվում էին Փարիզում։ Գործը դեռևս չէր հասել նրանց համերգային շրջագայությունների սահմանափակմանը։ Առայժմ Ռոստրոպովիչին փորձում էին համոզել ու հորդորել, շահարկել նրա երախտագիտությունը. իսկապես, մի՞թե խորհրդային իշխանությունը չէր մեծարել նրան միութենական ամենաբարձր պարգևներով, չէ՞ր արտոնել հաճախակի մեկնել արտասահմանյան համերգային շրջագայությունների։ Երբևէ Ռոստրոպովիչը որևէ հարցում մերժում ստացե՞լ էր։ Իսկ քանի որ այդպես էր, ուրեմն նրան կարելի էր համոզել, կարծում էր ԽՍՀՄ մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցևան։ Բայց Ռոստրոպովիչի պահվածքը նրան ցույց տվեց, որ Սոլժենիցինի բարոյական օրինակը մեծ ազդեցություն է թողել նրա վրա, և իշխանության այդ սպասողական վիճակը երկար չտևեց։ Կուտակվող ամպերն ավելի էին խտանում։ Պետության փորձերը՝ Սոլժենիցինին զսպելու, մնում էին անարդյունք։ Նա արժանացել էր Նոբելյան մրցանակի, բայց հնարավորություն չունեցավ մեկնելու Ստոկհոլմ, ստանալու այն։ Այսպիսով, Սոլժենիցինի դեմ սադրանքները հաջորդում էին մեկը մյուսին, և Ռոստրոպովիչն այլևս չկարողանալով համբերել, բաց նամակ ուղարկեց կենտրոնական «Պրավդա», «Իզվեստիա», «Գրական թերթ», «Խորհրդային մշակույթ» թերթերին՝ ի պաշտպանություն Սոլժենիցինի, և ավելի լայն իմաստով՝ խորհրդային գրականության։ Սակայն նամակը չհրապարակվեց, իսկ հալածանքները ոչ միայն ուժգնացան Սոլժենիցինի դեմ, այլ արդեն ուղղվեցին նաև Ռոստրոպովիչի դեմ։ ՊԱԿ-ում ձևավորվեց հատուկ հանձնախումբ՝ վերահսկելու, իսկ հնարավորության դեպքում՝ նաև վերացնելու համար Սոլժենիցինին։ Իսկ Ռոստրոպովիչի անունը հայտնվեց այն մարդկանց ցուցակում, որոնց պետք էր խստորեն պատժել։ Մարդուն ֆիզիկապես վերացնելու նախկին ստալինյան մեթոդին դիմել Բրեժնևի ժամանակ չէին համարձակվում։ Իսկ Ռոստրոպովիչին՝ աշխարհահռչակ մարդուն կալանավորելու համար հարմար առիթ չկար։ Բայց կարելի էր նրան ստորացնել ճնշումներով, սադրանքներով և սահմանափակումներով։
Այդպես, երբ նա տարեվերջին, 1970-ի դեկտեմբերի 22-ին վերադարձավ հյուրախաղերից, Բրեստի սահմանին, անցագրակետում նրան երկար ժամանակ սպասեցրին, ամենայն մանրամասնությամբ ստուգելով ուղեբեռը։ Աշխատակիցը, որը տիրապետում էր օտար լեզուների, կարդաց նրա մոտ եղած թղթերի ամեն մի տող, նույնիսկ անձնական նամակները։ 1972 թվականի գարնանը Ռոստրոպովիչը Անդրեյ Սախարովի, Լիդիա Չուկովսկայայի, Ալեքսանդր Գալիչի, Ելենա Բոների և խորհրդային գիտության ու մշակույթի այլ ականավոր գործիչների հետ ստորագրեց երկու դիմում՝ ուղղված ԽՀՍՄ Գերագույն խորհրդին՝ պահանջելով համաներում շնորհել համոզմունքների համար դատապարտվածներին և վերացնել մահապատիժը։ Դա արդեն իշխանությունները չէին կարող հանդուրժել, և իսկույն նախաձեռնվեցին միջոցներ՝ ուղղված Ռոստրոպովիչի ստեղծագործական գործունեության դեմ։ Նրան հեռացրին Մեծ թատրոնից, որի խաղացանկում կար երկու օպերա՝ «Եվգենի Օնեգինն» ու «Պատերազմ և խաղաղությունը», նրա մասնակցությամբ։ Նա շտապեց մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցևայի մոտ, որը հարցին, թե ինչու է ինքը հեռացված, պատասխանեց, թե անձնակազմը նրան չի ուզում։ Ռոստրոպովիչը հեգնեց, թե շատերն էլ չեն ուզում, որ նա՛ լինի մշակույթի նախարար։ Ֆուրցևան թավջութակահարին զգուշացրեց, որ այսուհետ մեկ տարով կասեցվում են նրա արտասահմանյան հյուրախաղերը։ «Ես չէի կարծում, որ հայրենիքում ելույթ ունենալը պատիժ է», - պատասխանում է Ռոստրոպովիչը։
Խորհրդային միությունից հեռանալը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտասահմանյան հյուրախաղերի՝ մինչ այդ կնքած պայմանագրերի ժամանակը մոտենում էր, և տարբեր երկրներում անհանգստություն էր զգացվում երաժշտական պրոդյուսերների ու երաժշտասերների շրջանակում, քանի որ լուր չունեին խորհրդային թավջութակահարից։ Լոնդոնից զանգահարում է ամերիկացի դիրիժոր և ջութակահար Իեհուդի Մենուհինը, որի տագնապալից հարցերին, թե ինչ է պատահել, պատասխանում է Վիշնևսկայան՝ վստահեցնելով, որ ամեն ինչ կարգին է, միայն Ռոստրոպովիչին արգելել են դուրս գալ երկրից, ինչի պատճառով արտասահմանյան համերգները չեն կայանա։ Նաև մայրաքաղաքային նվագախմբերը հրահանգ ստացան չհրավիրել Ռոստրոպովիչին։ Այդ ընթացքում Մստիսլավ Ռոստրոպովիչին ու Գալինա Վիշնևսկայային անդրադարձավ BBC ռադիոկայանը, որը ֆիլմ էր նկարահանում Դմիտրի Շոստակովիչի մասին, և ցանկանում էր նրանց ևս ընդգրկել նկարահանման աշխատանքներում։ Ռոստրոպովիչին են զանգահարում «Նորությունների» գործակալությունից և հայտնում, որ պաշտոնական թույլտվությունը ստացված է, և որոշեցին նկարահանումների օրը։ Նշանակված ժամին Մստիսլավն ու Գալինան ժամանեցին, սակայն BBC-ի թղթակիցն այդպես էլ չհայտնվեց. նրան զգուշացրել էին, իբր թե Ռոստրոպովիչն ու Վիշնևսկայան շտապ մեկնել են՝ հրաժարվելով նկարահանումներից։ Այսպիսով, զրկված լինելով համերգային ելույթների հնարավորությունից, Ռոստրոպովիչը հաճախ էր հուսահատված կրկնում, որ իրեն չեն թողնում նվագել, առանց որի ինքն ապրել չի կարող։
ԽՍՀՄ էր ժամանելու ամերիկացի սենատոր Էդվարդ Քեննեդին։ Մեկնումից առաջ նրան մոտեցավ կոմպոզիտոր Լեոնարդ Բերնսթայնը՝ խնդրելով օգնել թավջութակահարին։ Եվ Քեննեդին, Բրեժնեևի մոտ ընդունելության ժամանակ հայտնեց իր մտահոգությունը։ Պատասխանը երկար չսպասեցրեց, ու, որքան էլ անսպասելի էր, թույլատրեցին երաժիշտ ամուսիններին մեկնել երկրից։ Բանն այն է, որ ձգտում էին ազատվել ժողովրդականություն վայելող և հակասովետական կեցվածք ընդունած արտիստներից։ Մինչ մեկնելը նրան թույլ տվեցին ելույթ ունենալ միութենական երկրներում։ Եզրափակիչ համերգը կայացավ Ռոստրոպովիչի նախնիների հայրենիք Լիտվայում։ Երբ մոտեցավ մեկնումի օրը, Ռոստրոպովիչը գնաց հրաժեշտ տալու Շոստակովիչին։ Սեղմելով ձռքը և գրկելով նրա ուսերը, Շոստակովիչն ասաց. «Ո՞ւմ ձեռքերի վրա եք ինձ թողնում մեռնելու դու և Գալյան»։ Նրան ապրելու էր մնացել մոտ մեկ տարի։ 1974 թվականի մայիսի 26-ին Գալինան, Իրինա Շոստակովիչը, մի քանի աշակերտներ ու բարեկամներ նրան ուղեկցեցին օդանավակայան։ Շքանշանները, որոնցով պարգևատրվել էր, Ռոստրոպովիչին թույլ չտվեցին վերցնել իր հետ։ Նա մեկնեց միայն մեկ ճամպրուկով, որի մեջ էին Պրոկոֆևի հետ իր լուսանկարը, վեց վերնաշապիկ, նոտաների մի քանի գրքույկ։ Թողեցին վերցնել նաև թավջութակը և իր շանը։ Նա մեկնեց Լոնդոն՝ առանց որևէ համերգային պայմանագրի, առանց գումարի։ Ինքնաթիռ բարձրանալուց առաջ ամենայն մանրամասնությամբ ստուգեցին նրա իրերը, նույնիսկ էջ առ էջ նայելով նոտայի գրքերը։ Լոնդոնում նրան պետք է դիմավորեին ընկերները և ապաստան տային։
Կյանքը օտարության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոնդոնում բարեկամները, որ ընդունել էին Ռոստրոպովիչին, շատ ուշադիր և հոգատար էին նրա նկատմամբ, սակայն կյանքը օտար քաղաքում առանց ընտանիքի խիստ ճնշող էր նրա համար։ Համերգներ չկային, գումար՝ նույնպես։ Բացառություն էր Չիկագոյում կայացած համերգը, որը կազմակերպել էր նրա համերկրացի աշխարհահռչակ նկարիչ Մարկ Շագալը՝ օգնելու համար իր նույնքան մեծանուն թավջութակահար բարեկամին։ Օտարության մեջ Ռոստրոպովիչին շատ էր խանգարում լեզուների վատ իմացությունը։ Բացի դրանից, նաև դրսում քիչ բարեկամներ ուներ. թեև ԽՍՀՄ-ից հաճախ էր մեկնում արտասահմանյան շրջագայությունների, սակայն նա մշտապես գտնվում էր խիստ հսկողության տակ և չէր կարողացել լայն կապեր հաստատել։ Շոգ ամռանը լոնդոնցիները հեռանում էին քաղաքից, իսկ Ռոստրոպովիչը ժամերով միայնակ թափառում էր փողոցներով։ Որոշ ժամանակ անց նա վճռեց մեկնել Փարիզ։ 1974 թվականի հուլիս ամսին այնտեղ մեկնեցին նաև Գալինան և երեխաները՝ վեց ճամպրուկով։ Նրանք ուշ էին եկել, որպեսզի դուստրերն ավարտեին ուսումնական տարին։ 1975 թվականի հունվարին Ռոստրոպովիչին ու Վիշնևսկայային հյուրախաղերի հրավիրեցին Իսրայել, որտեղ ռուս երաժշտական կատարողականությունը միշտ բարձր էին գնահատում։ Կրոնը սկսեց ավելի ու ավելի խորը թափանցել նրանց կյանք, ինչպես պատահում էր Խորհրդային Միությունից արտաքսված մյուս անձանց հետ, որոնք ազատվել էին կոմունիզմի դոգմաներից։ Ռոստրոպովիչը կրոնի նկատմամբ անտարբեր չէր դեռևս Ռուսաստանում, որը փրկիչ խարիսխ էր իր համար։ Իսկ արտասահմանում ազատ էր լրիվ դրսևորելու իր հավատքը։
Ճակատագրի նոր հարվածները
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգութ ճակատագիրը նոր հարվածներ հասցրեց՝ կտրելով հայրենիքի հետ կապող վերջին թելերը. իրար ետևից սկսեցին մահանալ նրանց բարեկամները։ Նախ մահացավ ջութակահար Դավիդ Օյստրախը, ապա օպերային երգիչ Սերգեյ Լեմեշևը։ Արամ Խաչատրյանի հետ, որը դեռևս 1963 թվականին Ռոստրոպովիչին էր նվիրել իր «Կոնցերտ ռափսոդիա» ստեղծագործությունը՝ թավջութակի համար, հանդիպեց արտասահմանում։ Կոմպոզիտորը վերջերս էր ավարտել «Սոնատ ֆանտազիա»-ն թավջութակի համար, բայց իհարկե, արդեն խոսք չէր կարող լինել այն Ռոստրոպովիչին նվիրելու մասին։ Այնուամենայնիվ Արամ Խաչատրյանը ստեղծագործության նոտաների մեկ օրինակ ուղարկեց Ռոստրոպովիչին՝ մակագրությամբ. «Նվիրում եմ Մստիսլավ Ռոստրոպովիչին»։ Երբ Ռոստրոպովիչը իմանում է, որ Արամ Խաչատրյանը ժամանել է Անտվերպեն, մեկնում է այնտեղ, իմանում, թե որտեղ է հանգրվանել և գնում նրա մոտ։ Արամ Խաչատրյանը խնդրում է վերադառնալ ԽՍՀՄ. «Աղաչում եմ, Սլավա, վերադարձեք, ես ուզում եմ ձեզ տեսնել», սակայն թավջութակահարը պատասխանում է. «Որպես ո՞վ, որպես սովետական ժողովրդի թշնամի՞»: Դրանից հետո շուտով վախճանվում է Արամ Խաչատրյանը, և Ռոստրոպովիչը արտասահմանյան բեմերում նվագում է իրեն նվիրված նոր ստեղծագործությունը՝ ի հիշատակ իր բարեկամի։ Շուտով մահացավ նաև բրիտանացի կոմպոզիտոր և դիրիժոր Բենջամեն Բրիտտենը, որն արտասահմանում Ռոստրոպովիչի ընտանիքի ամենամտերիմ բարեկամն էր և նրա մոտ միշտ զգում էին ինչպես տանը։ Սակայն նրանց համար ամենածանրը եղավ Շոստակովիչի մահը։
Խորհրդային քաղաքացիությունից զրկվելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքը օտարության մեջ, բայց և կոմունիզմից ազատ միջավայրում, աստիճանաբար դարձավ սովորական, և Ռոստրոպովիչը կրկին սկսեց ընդունել տարբեր լրատվամիջոցների թղթակիցների, հարցազրույցներ տալ։ Մի առիթով նա ասել էր, որ Խորհրդային միությունը մեռյալ հոգիների երկիր է, որտեղ ամեն ինչում մեռցվում է կյանքը և զարգացումը։ Նաև ասել էր, որ Արևմուտքում ինքը երջանիկ է։ Երջանիկ, ըստ խորհրդային քարոզչության, հնարավոր էր լինել միայն սոցիալիստական հայրենիքում, և ոչ թե կապիտալիստական երկրում։ Այսպիսով, Ռոստրոպովիչից վերջնականապես որոշեցին ազատվել։ 1978 թվականի փետրվարին նրանց ընտանիքը դիմեց Վաշինգտոնում սովետական դեսպանատուն՝ խնդրելով երկարացնել իրենց անձնագրերի վավերականության ժամկետը։ Դա անհրաժեշտ էր՝ այնտեղ կնքված երկարաժամկետ պայմանագրի համար։ Սակայն Ռոստրոպովիչին և Վիշնևսկայային պատասխանեցին, որ հարցը քննարկվում է Մոսկվայում։ Մարտի 9-ին նրանք վերադարձան Ֆրանսիա, պայմանավորվելով, որ պատասխանը կուղարկվի Փարիզ։ 1978 թվականի մարտի 15-ին Ռոստրոպովիչին զանգահարեց Ֆրանսիայում Խորհրդային միության դեսպանը և զգուշացրեց, որ պատասխանը կստացվի մոտակա օրերին։ Նույն երեկոյան փարիզյան հեռուստատեսային եթերից նրանք իմացան, որ Խորհրդային միությունն իրենց զրկել է քաղաքացիությունից՝ հակասովետական հայացքների ու գործունեության պատճառով։
Նոր կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որքան էլ ծանր հարված էր սովետական քաղաքացիությունից զրկվելը, այնուամենայնիվ Ռոստրոպովիչի առաջ նոր դռներ բացվեցին։ Շատ երկրներ արտաքսված երաժիշտներին քաղաքացիություն առաջարկեցին։ Միացյալ Նահանգները, որի մայրաքաղաք Վաշինգտոնում նա աշխատում էր՝ 1977-1994 թվականներին ղեկավարելով ԱՄՆ Ազգային սիմֆոնիկ նվագախումբը, նրան քաղաքացիություն շնորհելն իր համար մեծ պատիվ կհամարեր, սակայն Ռոստրոպովիչն ու Վիշնևսկայան որոշեցին ոչ մի քաղաքացիություն չձևակերպել։ Նրանք վերցրին միայն Մոնակոյի փոքրիկ թագավորության անձնագիր, որտեղ ինչ-որ ժամանակ միասին ելույթ էին ունեցել։ Այդ անձնագրերը քաղաքացիություն չէին շնորհում։ Չնայած կյանքը կամաց-կամաց հունի մեջ ընկավ և հաջողությունները կրկին սկսեցին հաջորդել մեկը մյուսին, սակայն Ռոստրոպովիչը հաճախ կարոտում էր Խորհրդային միությունում ունեցած իր բարեկամական կապերը։ Խորհրդային գործակալները շարունակում էին նրան հետևել, ուստի, երբ հայրենիքից հին բարեկամներից որևէ մեկը լինում էր արտերկրում և ցանկանում էր հանդիպել իրեն, կատակով առաջարկում էր տեսակցել իր ստորգետնյա ավտոտնակում, որտեղ իրենց չէին հետևի։ Փոխվեցին Ռոստրոպովիչի շրջապատի մարդիկ. Կասալսն արդեն վախճանվել էր, Շոստակովիչը և Բրիտտենը՝ նույնպես։ Իսկ Սոլժենիցինը, որ թեև նույնպես ԱՄՆ-ում էր, բայց փակվել էր հեռավոր Վերմոնտի իր տանը՝ հանուն բեղուն աշխատանքի, և չէին կարող հաճախակի հանդիպել։ Երբ լրացավ գրողի արտաքսման տասը տարին, նա ջերմ նամակով ողջույններ հղեց իր բարեկամներին՝ գրելով. «Ասել, թե հիշում եմ այդ ամենը երախտագիտությամբ՝ շատ քիչ կլինի։ Դրա համար դուք շատ ծանր գնով հատուցեցիք, հատկապես Գալյան՝ անարդարացիորեն կորցնելով իր թատրոնը։ Իմ ոչ մի շնորհակալական խոսք չի կարող համարժեք լինել ձեր այդ բոլոր կորուստներին»։ Նրա նոր շրջապատում հայտնվեցին հանրահայտ դեմքեր. նա եղավ Չարլի Չապլինի մոտ, որն առաջին հանդիպման ժամանակ ջանում էր նրան ռուսերենով ողջունել, բարեկամացավ նկարիչներ Սալվադոր Դալիի ու Պաբլո Պիկասոյի, մնջկատակ Մարսել Մարսոյի, ջազ երաժիշտ Լուի Արմսթրոնգի և շատ ուրիշների հետ։ Առանձին տեղ ունեին նրա կապերը քաղաքական ականավոր գործիչների հետ։ Բեթհովենից սկսած մինչև մեր օրերը շատ երաժիշտներ զբաղվել են քաղաքականությամբ, բայց նրանցից ոչ մեկի կյանքում քաղաքականությունն այնքան դերակատարություն չի ունեցել, որքան Ռոստրոպովիչի՝ սկսած 1978 թվականից։ Այդ կապերն առավել նպաստեցին նրա համբավի տարածմանը և վկայում էին նրա քաղաքական հայացքների ու հանրային կյանքում նրա որոշակի ազդեցության մասին։ Քաղաքական հարցերում ունեցած իր մասնակցության մասին են խոսում հանդիպումները ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի, քաղաքական գործիչ, հետագայում՝ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի, գերմանացի քաղաքական գործիչ Վիլի Բրանդտի և այլոց հետ։ Շատ հանրահայտ մարդիկ հայտնվել էին նրա բարեկամների շրջանակում, սակայն միևնույնն է, նա իրեն միայնակ էր զգում։ Չուներ այնպիսի անփոխարինելի բարեկամ, ինչպիսիք էին Շոստակովիչը և Սոլժենիցինը։
ԱՄՆ ազգային սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարման տարիները նշանավորվեցին այդ երկրում Շոստակովիչի ստեղծագործությունների կատարմամբ ու քարոզչությամբ, որը ամերիկյան երաժշտական կյանքում մեծ նշանակություն ունեցավ։ Մենահամերգներից հետո Շոստակովիչի անձի, նրա հասարակական դիրքի ու կեցվածքի մասին սկիզբ առնող քննադատական բանավեճերի ժամանակ Ռոստրոպովիչն ԱՄՆ-ում առաջին անգամ ներկայացրեց նրա գրեթե բոլոր սիմֆոնիաները, որպես սովետական ժողովրդի ողբերգության հսկայական գեղանկար, բացահայտում է այդ երաժշտության ռուսական արմատները։ Նրա մեկնաբանությունները մեծապես օգնեցին ուրիշ դիրիժորների ու նվագախմբերի՝ Շոստակովիչի ստեղծագործությունները կատարելիս։
Խորհրդային քաղաքացիության վերականգնումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային միությունում սկիզբ առած ազատական ալիքի ազդեցությամբ մի շարք կոմպոզիտորներ ու երաժիշտներ՝ վրացի կոմպոզիտոր Անդրեյ Բալանչիվաձեն, հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանն ու Ավետ Տերտերյանը, ազգությամբ գերմանացի խորհրդային կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն և շատ ուրիշներ դիմեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ Ռոստրոպովիչի և Վիշնևսկայայի քաղաքացիությունը վերականգնելու խնդրանքով։ Նրանց միացավ նաև ակադեմիկոս Անդրեյ Սախարովը։ Այդ նամակը, որի տակ ստորագրել էր 25 հոգի, հրապարակվեց «Խորհրդային երաժշտություն» ամսագրում։ Այդ տարիներին նման քայլն այլևս չէր կարող վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այն եղավ արդյունավետ և անվտանգ։ Երբ արդեն հնարավոր էր, Կոմպոզիտորների միության առաջին քարտուղար Տիխոն Խրեննիկովը որոշում կայացրեց վերականգնել Ռոստրոպովիչի անդամակցությունը Կոմպոզիտորների միությանը։ Երբ թավջութակահարն իմացավ այդ մասին, կատակով բացականչեց. «Ես նույնիսկ չգիտեի, որ ինձ հեռացրել էին Կոմպոզիտորների միությունից։ Ինչպիսի հրաշք»։ Խրեննիկովի հաջորդ քայլը եղավ դիմել ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին՝ վերականգնել Ռոստրոպովիչի և Վիշնևսկայայի քաղաքացիությունը։ Շուտով ստացված պատասխանում ասվում էր, որ այդ հարցը օրակարգ կարող է մտցվել Ռոստրոպովիչի և Վիշնևսկայայի դիմելու դեպքում։ Լսելով պատասխանը, Ռոստրոպովիչը դառնորեն քմծիծաղ է տալիս. «Ինչո՞ւ պետք է ես դիմեմ քաղաքացիության վերականգնման համար, եթե ես չէի խնդրել զրկել ինձ դրանից, այլ դա կատարվել էր անկախ իմ կամքից, ապօրինաբար և առանց որևէ հիմքի»։ Այս փաստարկը ճիշտ էր ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական տեսակետից։ Խրեննիկովն այն կցեց իր հաջորդ դիմումին, հավելելով, որ երաժիշտները այդ ընթացքում չեն ընդունել ոչ մի այլ երկրի քաղաքացիություն և որ զբաղվել են աշխարհում խորհրդային երաժշտության քարոզչությամբ։
1989 թվականի սկզբին կնքվեց պայմանագիր՝ Մոսկվայում և Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ) ԱՄՆ Ազգային սիմֆոնիկ նվագախմբի ելույթի վերաբերյալ՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի ղեկավարությամբ։ Ռոստրոպովիչը երկար ժամանակ տատանվում էր որոշում ընդունելուց առաջ։ Նա չէր կամենում, որ ինչ-որ առումով հանկարծ որևէ զիջում լիներ։ Սակայն նրան բերում էին փաստարկներ, որ նվագախումբը չի կարող ելույթ չունենալ Մոսկվայում, որտեղ ելույթ են ունեցել աշխարհի տարբեր հայտնի նվագախմբեր, միայն այն բանի համար, որ գեղարվեստական ղեկավարը չէր ցանկանա։ Վիշնևսկայան, ամուսնու համաձայնությունն ընդունելով առանց խանդավառության, որոշել էր այս անգամ նրան չուղեկցել։ Նույն տարվա ապրիլի 14-ին ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպան Դուբինին մասնակցությամբ Քենեդի-Հոլում կայացավ մամլո բազմամարդ ասուլիս, որի ընթացքում որոշվեցին համերգի օրերը՝ 1990 թվականի փետրվարի 12-ին և 15-ին։ Բայց նվագացանկը նույնիսկ Ռոստրոպովիչն էր դժվարանում որոշել։ Ինչպես կատակով ասում էր, ամեն դեպքում Շոստակովիչի ստեղծագործություններից և չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը պետք է անպայման ընդգրկվեին, որպեսզի խորհրդային հանդիսատեսին ցույց տար, որ թավջութակ նվագելը չէր մոռացել։ Խորհրդային քաղաքացիության հարցը Ռոստրոպովիչն այդ անգամ դիվանագիտորեն շրջանցեց։
Խորհրդային Միության այդ ժամանակվա մշակույթի նախարար Նիկոլայ Գուբենկոն քիչ ջանքեր չգործադրեց՝ համոզելու համար պետության նոր ղեկավարներին, որ շատ կարևոր է և անհրաժեշտ Ռոստրոպովիչին ու Վիշնևսկայային քաղաքացիության վերականգնումը։ Եվ դա նրան հաջողվեց։ Մոսկովյան համերգի նախաշեմին, 1990 թվականի հունվարին, երբ մեկ ամսից էլ քիչ ժամանակ էր մնացել, համապատասխան հրամանագիրը ստորագրվեց, ինչի մասին Գուբենկոն իսկույն տեղեկացրեց Խորհրդային միության նորահայտ քաղաքացիներին. «Հանրության բարեխիղճ հատվածի մոտ միշտ կար այն հույսը, որ արդարությունն ի վերջո կհաղթանակի։ Այնպիսի սխալները, ինչպիսիք թույլ տրվեցին ձեր հանդեպ, կմնան խորհրդանիշ այն բանի, թե ինչպես չի կարելի վարվել մարդու հետ։ Մարդկային արժանապատվության հանդեպ անհարգալից վերաբերմունքն այլևս չպետք է կրկնվի»։ Տեղեկությունը խորհրդային քաղաքացիության մասին Ռոստրոպովիչի համար անակնկալ էր։ Նա պատրաստ չէր այդ թեմայով հարցազրույց տալ, և ուզում էր հասկանալ, թե ինչ կապ ուներ դա կայանալիք համերգների հետ։ Նաև տանջում էր այն հարցը, թե այդ դեպքում ինչու չեն վերադարձնում Սոլժենիցինի և մյուս հալածվածների քաղաքացիությունը։
Վերադարձը հայրենիք 16 տարի անց
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսկ Խորհրդային միությունում նրա այցին պատրաստվում էին մեծ խանդավառությամբ։ Թերթերը հրապարակում էին նրա կյանքի պատմությունը, ռադիոյով հեռարձակում էին նրա մասին զանազան հաղորդումներ ու կատարումների ձայնագրություններ, հեռուստաեթերով ցուցադրում էին ֆիլմեր։ Շերեմետևո օդանավակայանում մեծ բազմություն էր հավաքվել՝ դիմավորելու մեծանուն երաժշտին։ Մարդկանց ձեռքերին կային բազմաթիվ պաստառներ՝ զանազան գրություններով, ինչպես օրինակ՝ «Փա՛ռք Ռոստրոպովիչին», «Փառք Գալյային ու Սլավային», «Շնորհակալություն Սոլժենիցինի համար»։ Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, նրան ու Վիշնևսկայային դիմավորեց անձամբ Նիկոլայ Գուբենկոն՝ Խորհրդային միության մշակույթի նախարարը։ Գալյան փոխել էր որոշումը և եկել էր ամուսնու հետ։ Օդանավակայանից նրանք անմիջապես մեկնեցին Նովոդևիչյան գերեզմանատուն, որտեղ թաղված էր Շոստակովիչը։ Առաջին խոնարհումը ամուսինները բերեցին նրան։ Հետո այցելեցին ծնողների գերեզման, ապա՝ Պրոկոֆևի, Դավիդ Օյստրախի, Անդրեյ Սախարովի։ Շատ կուզենային մեկնել նաև հեռավոր Երևան, որտեղ հողին էր հանձնված Արամ Խաչատրյանը, սակայն այդպես էլ չվիճակվեց։ Հետո գնացին Նեժդանով փողոցի իրենց բնակարան, որտեղ անցել էին իրենց կյանքի լավագույն տարիները։ Մինչ այդ նա զանգահարել էր քրոջը՝ Վերոնիկային, պատվիրելով այդ բնակարանում ճաշ պատրաստել 42 մարդու համար։ Նա պետք է Վերոնիկային տար բոլոր այն մարդկանց ցուցակը, որոնք չէին դավաճանել իրեն այդ բոլոր տարիներին։ Մոսկվայում և Լենինգրադում կայացավ երկուական համերգ, որոնք խորհրդային երաժշտական քննադատներին առատ նյութ տվեցին վերլուծելու Ռոստրոպովիչ-երաժիշտի զարգացումը հայրենիքից բացակայելու տարիներին։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև Ռոստրոպովիչը վերջում բնակություն էր հաստատել Փարիզում, սակայն տարվա մի մասը լինում էր նաև Լոնդոնում, Լոզանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում կամ Նյու Յորքում։ 2006 թվականի ամռանը Ռոստրոպովիչը ծանր հիվանդացավ. ուռուցք էր գոյացել լյարդի վրա, որը սկսել էր մաշել նրա առողջությունը։ Այդ վիճակով նա կարողացավ 2006 թվականի սեպտեմբերին ելույթ ունենալ Շոստակովիչի ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ։ 2007 թվականին երկու անգամ վիրահատվեց փետրվար և ապրիլ ամիսներին։ Այդ մասին տեղեկատվություն հրապարակեց «Չիկագո տրիբուն» պարբերականը։ Ռոստրոպովիչը նախատեսում էր տարեվերջին վիրահատվել Փարիզում և տարվա սկզբին մեկնեց Մոսկվա։ Նրան այցելեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ քննարկելու մարտի 27-ին թավջութակահարի ծննդյան 80-րդ տարեդարձի հանդիսության մանրամասները, որը պետք է կայանար Կրեմլում։ Երաժիշտը թեև վատ ինքնազգացողություն ուներ, սակայն նշանակված օրը Կրեմլում 80-ամյակի առթիվ իր մասնակցությամբ կայացավ հանդիսավոր արարողությունը։ Դրանից կարճ ժամանակ անց Ռոստրոպովիչի հիվանդությունը սրացավ, և նրան տեղափոխեցին հիվանդանոց։ 2007 թվականի ապրիլի 27-ին Ռուսաստանի դաշնության Բլոխինի անվան ուռուցքաբանության բժշկական կենտրոնում քսաներորդ դարի մեծագույն թավջութակահարը, թավջութակի արքան կնքեց մահկանացուն՝ ավարտելով փոթորկուն, բազմաթիվ փորձություններով հարուստ կյանքը։ Մեծ երաժիշտին վերջին հրաժեշտը տրվեց ապրիլի 28-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դայլիճում։ Հոգեհանգստյան պատարագը կայացավ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարում, որից հետո նրա մարմինն ամփոփվեց Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։
Օգտագործված աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Софья Хентова, "Ростропович", Санкт-Петербург, 1993 г.
- «Բանվոր» օրաթերթ, 12 դեկտեմբերի, 1972 թ.:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ростропович Мстислав Леопольдович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/6598895.stm
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #11879129X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
- ↑ https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html
- ↑ https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
- ↑ Ростропович Мстислав Леопольдович / Вести. Ru от 23.11.2009
- ↑ «"Ростропович учил нас быть личностью"». ПЯТНИЦА (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մստիսլավ Ռոստրոպովիչ» հոդվածին։ |
|
- Մարտի 27 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 27 մահեր
- 2007 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի դասախոսներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ադրբեջան)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ռուսական ազգային Օլիմպոս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացիներ լեհական սերմամբ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- Ռուս դաշնակահարներ
- Ռուս դիրիժորներ
- Ռուս երաժիշտներ
- Ռուս թավջութակահարներ
- Ռուս կոմպոզիտորներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ