Տիրտեոս
Տիրտեոս | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 7-րդ դար |
Ծննդավայր | Սպարտա |
Մահացել է | մ.թ.ա. 7-րդ դար |
Մահվան վայր | Սպարտա |
Քաղաքացիություն | Սպարտա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և elegist |
Tyrtaeus Վիքիպահեստում |
Տիրտեոս (հունարեն՝ Τυρταίος, մ.թ.ա. 7-րդ դար), Հին Հունաստանի բանաստեղծներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Աթենքում կամ Լակոնիայում, ապրել է Սպարտայում։ Հունիական բարբառով գրված եղերերգություններում պարսավել է շահամոլությունը, երկպառակությունները, կոչել է միասնության՝ փառաբանելով Սպարտայի հին ժամանակները, գովերգելով մարտիկների խիզախությունը։ Տիտեոսի ստեղծագործության մեջ, հին հունական, պոեզիայում առաջին անգամ, երևան են գալիս խորհրդածություններ գոյություն ունեցող պետական կարգի առաջացման և այդ կարգը հանուն ամբողջ քաղաքացիական կոլեկտիվի բարօրության պահպանելու միջոցառումների շուրջը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրտեոսի երգերը բաժանվում են երկու խմբի՝ ռազմական (էմբատերիա) և էլեգիա։
Էմբատերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմբատերիաները ամբողջովին հագեցած են ռազմական ոգով և գրված են դորեական բարբառով։ Հեղինակն այս երգերի մեջ կոչ է անում հարձակվել թշնամու վրա։ Գովերգում է քաջությունը և հերոսներին՝ միաժամանակ մերկացնելով երկչոտներին։ Պատերազմի դաշտում ընկնելը համարում է մեծագույն պատիվ, այն ամենաբարձր փառքը, որին արժանանալ կարող է մարդը։ Այդպիսի մարդը սիրելի է բոլորին, նրա մահը ողբում է ամբողջ քաղաքը, «նրա գերեզմանը կփառավորեն թե նրա երեխաները, թե երեխաների երեխաները և թե նրա ամբողջ տոհմը հավիտյան»։ Հայրենիքի համար զոհվողըեծարվում է նույնիսկ մահից հետո, ստորերկրյա աշխարհում։ Տիրտեոսի այս ոտանավորների մեջ գովաբանվում է սպարտաական կարգապահությունը, որը դաժան էր ու խիստ, և արտահայտում է նրա ռազմական ոգին։
Էլեգիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրտեոսի էլեգիաները բաժանվում են երկու խմբի և կրում տարբեր անուններ՝ «Եվնոմիա» և «Խորհուրդներ»։
«Եվնոմիա» նշանակում է օրինականություն։ Այս երգերում բանաստեղծը հրավիրում է կարգապահության ու գովում է օրինականությունը, որ պատերազմի պատճառով խախտվել է Սպարտայում։ «Եվնոմիայի» մեջ հեղինակը հորդորում է հավատարիմ մնալ օրենքներին, հին ավանդույթներին, սպարտաական թագավորներին, որովհետև գերագույն իշխանությունը Սպարտայում «աստվածատիպ» թագավորներին է պատկանում։ Գրեթե նույն ոգով են գրված «Խորհուրդները»[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա. Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 93-94.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 19)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրտեոս» հոդվածին։ |
|