Չինեչիտտան (իտալ.՝ Cinecittà, իտալերեն՝ Կինո քաղաք) ընդարձակ կինոստուդիա է Հռոմում և համարվում է իտալական ֆիլմարտադրության կենտրոնը։ Ստուդիաները կառուցվել են ֆաշիստական ժամանակաշրջանում՝ որպես իտալական կինոարդյունաբերության վերականգնման սխեմայի մի մաս։ 1950-ական թվականներին բազմաթիվ միջազգային արտադրություններ ստեղծվեցին այնտեղ՝ Հռոմը դարձնելով «Հոլիվուդ Տիբեր գետի վրա»։
Կինոստուդիան հիմնադրվել է 1937 թվականին Բենիտո Մուսոլինիի, նրա որդու Վիտտորիոյի և կինոթատրոնի ղեկավար Լուիջի Ֆրեդդիի կողմից հետևյալ լոզունգի ներքո՝ "Կինոն ամենահզոր ուժն է" (իտալ.՝ «Il cinema è l'arma più forte»)։ Նպատակը ոչ միայն պրոպագանդան է, այլ նաև վեր հանել Իտալական ֆիլմարտադրությունը, որն այդ ժամանակ ճգնաժամի մեջ էր։ 1937 թվականի ապրիլի 21-ին Մուսոլինին հանդիսավոր կերպով կատարեց կինոստուդիայի բացումը[1]։ Վաղ արտադրված ֆիլմերում, ինչպիսին են 1937 թվականի «Scipione l'africano» և «La corona di ferro», ցուցադրվում էր կինոստուդիայի տեխնիկական առաջխաղացումը։ Ընդհանուր թվով 7 հազար մարդ էին ներառված «Scipio Africanus» ֆիլմի ճակատամարտի տեսարանի նկարահանման մեջ, ինչպես նաև կենդանի փղեր էին բերվել Զամայի ճակատամարտի տեսարանի նկարահանման համար[2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հռոմը ռմբակոծելիս կինոստուդիաները նույնպես ռմբակոծվել են։ 1945-ից մինչև 1947 թվականը Չինեչիտտա կինոստուդիան օգտագործվել է որպես ճամբար տեղահանված մարդկանց համար[3]։ Շուրջ 3 հազար գաղթականներ էին ապրում այնտեղ, որոնք բաժանված էին երկու ճամբարի՝ իտալական, որտեղ իտալացիներն ու Լիբիայից և Դալմատիայից տեղահանվածներն էին, և միջազգային՝ Հարավսլավիայի, Լեհաստանի, Եգիպտոսի, Իրանի և Չինաստանի գաղթականների համար[4]։
Հետեպատերազմյան տարիներին կինոստուդիան վերականգնվել է։ 1950-ականներին մի շարք խոշոր ամերիկյան կինոարտադրություններ իրականացրել են նկարահանումները Չինեչիտտայում (օրինակ ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի «Բեն-Հուր» էպիկական ֆիլմը)։ Հետագայում կինոստուդիան սերտորեն առնչվում են Ֆեդերիկո Ֆելինիի հետ։ 1997 թվականին իտալական կառավարությունը սեփականաշնորհեց սնանկացման եզրին գտնվող կինոստուդիան (80% կապիտալով)[5]։
2007 թվականի օգոստոսի 9-ին հրդեհը ավերեց Չինեչիտտան և նրա շրջակայքը՝ շուրջ 3000 քառ. մետր։ Պատմական մասը, որտեղ դասական տաղավարներն էին, չէին վնասվել, իսկ այն հատվածները, որտեղ նկարահանվել էր HBO/BBC Two հեռուստաալիքներով հեռարձավող «Հռոմ» պատմական դրաման, մեծ մասամբ ավերվել է[6]։ 2012 թվականի հուլիսին մեկ այլ հրդեհի պատճառով վնասվեց «Teatro 5» տաղավարը և այն հսկայական ստուդիան, որտեղ Ֆելինին նկարահանել էր «Քաղցր կյանք» և «Սատիրիկոն» ֆիլմերը[7]։