Նուբիան (արաբերեն՝ نوبيون), (եգիպտերեն՝ Քուշ, Քաշ, անտիկ հեղինակների մոտ՝ Նեղոսյան Եթովպիա, Նուբիա անունն առաջացել է մ․թ․ X դ․), հնագույն երկիր Նեղոսի 1-ին սահանքի և Սպիտակու Կապույտ Նեղոսների միջին հոսանքի միջև, Կարմիր ծովից մինչև Լիբիական անապատ (այժմյան Սուդանի տարածքը և Եգիպտոսի մի մասը)։ Հին եգիպտացիներին ազգակից Նուբիայի սեմա–քամյան և քուշյան բնիկ ցեղերը մ․թ․ա․ IV–III հազարամյակներում զբաղվել են հիմնականում անասնապահությամբ։ Մ․թ․ա․ II հազարամյակում ուժեղացել է հարավից եկող նեգրոիդ տարրերի միաձուլումը նուբիացիներին։ Եգիպտոսի Հին թագավորության ժամանակաշրջանում (մ․թ․ա․ III հազարամյակ) փարավոնները Նուբիա են ուղարկել առևտրական քարավաններ և ավարառուական արշավանքներ կազմակերպել ստրուկներ, անասուններ, եբենոսի փայտ, փղոսկր ձեռք բերելու համար։ Նուբիայի հյուսիսում հիմնվել են եգիպտական առևտրավաններ։ Մ․թ․ա․ XVI–XV դդ․Նուբիայի տարածքը մինչև Նեղոսի 4-րդ սահանքը զավթել է Եգիպտոսը, որի ազդեցությունը նպաստել է Նուբիայում եգիպտական մշակույթի տարածմանը և արագացրել նախնադարյան համայնական կարգի քայքայումը։ Մ․թ․ա․ XI դ․ Նուբիայի տարածքը ազատագրվել է Եգիպտոսի տիրապետությունից։ Մ․թ․ա․ մոտ VIII դ․ առաջացել է պետություն՝ Նապատա կենտրոնով (Նապատայի թագավորություն), որի թագավոր Պիանխին մ․թ․ա․ VIII դ․ 2-րդ կեսին տիրեց Եգիպտոսին՝ հիմնելով եգիպտական (եթովպական) XXV դինաստիան։ Մ․թ․ա․ VI դ․ 2-րդ կեսին պետության մայրաքաղաքն է դարձել Մերոեն, այստեղից էլ՝ Մերոեի պետության անվանումը, որ գոյատևել է մինչև մ․թ․ IV դ․։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 401)։