Սեպագրային խեթերեն (հեթիթերեն), կոչվում է նաև նեսերեն (նեսիտերեն)՝ Հին խեթական թագավորության մայրաքաղաք Նեսայի անունով։ Փոքր Ասիայում հայտնաբերված սեպագիր արձանագրություններից (մ. թ. ա. XVII-XIII դդ.) հնագույնները ամենահինն են հնդեվրոպական լեզուներից պահպանված հուշարձանների մեջ։ Ըստ նորագույն ուսումնասիրությունների, խեթերենը և նրան ցեղակից լեզուները ծագել են մեկ մայր անատոլիական լեզվից, որը տեղաբաշխված է եղել Փոքր Ասիայի հարավային շրջաններում։ Մասնագետները այս շրջանները համարում են հնդեվրոպական նախալեզվի բնօրրան։ Խեթերենում պահպանված են հնդեվրոպական շատ բառեր, բառակազմական համակարգը հնդեվրոպական է, ունի հնդեվրոպական կոկորդային հնչյունը։ Կա գոյականների քերականական երկու սեռ՝ ընդհանուր և միջին (չկա իգական-արական հակադրություն), երկու թիվ (եզակի, հոգնակի), նախապես ունեցել է յոթ, ապա՝ վեց հոլով, հոլովման համակարգում հակադրվում են ուղղականի, հայցականի հիմքերը մյուս հոլովների հիմքերին։ Բայն ունի ներկա և անցյալ ժամանակներ։ Խեթերենն առաջին անգամ ուսումնասիրել ու վերծանել է չեխ գիտնական Բ. Հրոզնին։
Գաղափարագրային (հիերոգլիֆային) խեթերենը կամ լուվիերենը, տարածված է եղել Փոքր Ասիայում և Ասորիքում։ Ավանդված է գաղափարագրերով գրված կնիքային նիշերի ու արձանագրությունների մեջ (մ. թ. ա. XVI-XIII դդ.)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 46)։