Արտավազդ Պարթև
Արտավազդ Պարթև | ||
| ||
---|---|---|
224 - 230 | ||
Նախորդող | Արտավան Ե Պարթև | |
Մասնագիտություն՝ | ազնվական | |
Ծննդյան օր | 215 | |
Վախճանի օր | 230 | |
Վախճանի վայր | Տիզբոն, Սասանյան Պարսկաստան | |
Դինաստիա | Պարթև Արշակունիներ | |
Քաղաքացիություն | Պարթևստան | |
Հայր | Արտավան Ե Պարթև |
Արտավազդ Պարթև (215 - 230, Տիզբոն, Սասանյան Պարսկաստան), Պարթևստանի արքայից արքա (224-235), Արտավան Ե-ի որդին և հաջորդը, Արշակի, Զիանակի և Սուրայի եղբայրը, Պարթև Արշակունիների արքայական հարստությունից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտավազդը Պարթևստանի արքայից արքա Արտավան Ե-ի ավագ որդին է, նրա եղբայրներից հայտնի է միայն Արշակի անունը, իսկ քույրերն էին՝ զորավար Սուրան և Արտաշիր Պապականի կինը դարձած՝ թագուհի Զիանակը։
Սասանյանների ապստամբություն
[խմբագրել | խմբագրել կոդը]220-ական թվականներին ուժեղանում է Պարսքում իշխող Սասանյան տոհմը, որի առաջնորդ և հիմնադիր Արտաշիր Պապականը ապստամբություն է բարձրացնում Արտավազդի հոր՝ Արտավան Ե-ի դեմ։ Արտաշիր Պապականը չորս տարավա ընթացքում կարողանում է ջլատել թուլացած պարթև Արշակունիների վերջին ուժերը։ 224 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցած Որմիզդականի ճակատամարտում պարտվում և սպանվում է Պարթևստանի վերջին թագավոր Արտավան Ե-ն, որով կործանվում է Պարթևստանը և սկզբնավորվում է Սասանյան տերությունը[1][2]։
Պարթևական շատ իշխաններ անցնում են Սասանյանների կողմը։ Արտավան Ե-ի որդի Արտավազդը և նրա եղբայրները փախչում և ամրանում են Ատրպատականում, հավանաբար կենտրոն ունենալով Էկբատան քաղաքը և մի քանի տարի դիմադրում Սասանյաններին՝ Մեծ Հայքի արքա Տրդատ Բ-ի օգնությամբ, ով ստանձնել էր Արշակունյաց արքայատան գլխավոր միապետի դերը։ Այստեղից հայտնի են Արտավազդի արծաթե դրամները (դրախմաները), որոնք հատվել են մինչև 229-230 թվականները[1][3]։
Այս ժամանակահատվածում, Արտավազդը այլևս չուներ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ սոցիալական հենարան Պարթևստանում։ Իրանական ավագանին հետզհետե անցնում էր հաղթանակած Սասանյանների կողմը։ Սասանյանների կողմն են անցնում նաև պարթև Արշակունիներին տոհմակից տները[1]։
Սասանյանները Երանշահրի կենտրոնական նահանգներում իրենց ապահով չէին զգում, քանի որ դեռ ապրում էին ոչնչացված պարթև Արշակունիների վերջին շառավիղները՝ Արտավազդը և նրա եղբայրները, որոնց օգնում էր հատկապես Մեծ Հայքի Արշակունի թագավոր Տրդատ Բ-ն (217-257)։ Սասանյանների բանակը, հետապնդելով Արտավազդին, խորանում են Իրանի հյուսիս-արևմտյան երկրամասերը՝ գրավելով Ատրպատականը և ընդհուպ մոտենում Մեծ Հայքի թագավորության սահմաններին։ 228 թվականին Արտաշիր Պապականը պաշարում է Հաթրան, ապա նահանջում Ատրպատականի մաս կազմող Մատիենե և ռազմական գործողությունները կրկին ուղղում Արտավազդի և նրան օգնող հայ-պարթևական ռազմական ուժերի դեմ, որոնք գտնվում էին Մեծ Հայքի հարավ-արևելյան սահմանի վրա[1][4]։
Դիոն Կասսիոսը հաղորդում է, որ Մեծ Հայքի տարածքում խորացող Արտաշիրին «դիմադրեցին տեղի բնակիչները և մեդացիներից ոմանք, ինչպես նաև Արտաբանոսի որդիները և նա, ինչպես ոմանք ասում են, փախավ, իսկ ուրիշներն ասում են, թե նա ետ քաշվեց, ավելի մեծ զորք պատրաստելու համար»[5]։ Նման տեղեկություն պահպանել է նաև Մովսես Խորենացին։ Նա հաղորդում է, որ Հայոց թագավորն իր բանակով և այլ երկրների օգնական զորքերով «դիմում է Արտաշիրի վրա, ճակատամարտ տալով նրան ստիպում փախչել և խլում նրանից Ասորեստանը (Ադիաբենեն) և մյուս արքայանիստ երկրները[6]»։ Արտավազդը, քաշվելով Իրանի հյուսիսային մասում գտնվող Էկբատան քաղաքը, իր եղբայրների հետ մասնակցում է հայկական բանակի ռազմական գործողություններին։ Ըստ Հակոբ Մանանդյանի, Արտավան Ե-ի որդիները իրենց զորքով և կուսակալներով էին եկել Մեծ Հայք, Տրդատ Բ-ի մոտ[1][7]։
Արտավազդը 228-230 թվականներին թագավորում է Վերին Մարաստանի կենտրոն Էկբատանում։ Նրան հովանավորում էր Հայոց թագավոր Տրդատ Բ-ն, որն իրեն համարում էր առաջին գահակալը Արշակունի հարստությունների միջև, իսկ Արտավազդը արդեն գրավում էր «երկրորդական գահը»։ Մոտ 230 թվականին Տրդատ Բ-ն իր արևելյան բանակով, որի հրամանատարն էր Երախնավու Անձևացին, օգնության է գալիս Արտավազդին։ Սակայն, Արտավազդին գերում են Սասանյանները, տանում Տիզբոն և այնտեղ գլխատում։ Չնայած դրան, Տրդատ Բ-ն կարճ ժամանակով տիրում է Էկբատանին՝ իր Վերին Մարաստան նահանգով, որի կառավարումը հանձնվում է նախարար Երախնավու Անձևացուն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 24, 27, 29-31․
- ↑ Herodianus, VI, 2 (Z)
- ↑ Луконин В. Г. Культура сасанидского Ирана. М., 1969․
- ↑ DIO, LXXX3, 2.
- ↑ DIO, LXXX3, 3.
- ↑ «Հայոց պատմություն», Մովսես Խորենացի, թարգմ.՝ Ստեփան Մալխասյանի, Երևան, 1990, Բ, հբ, էջ 207.
- ↑ «Քննական Տեսություն Հայ Ժողովրդի Պատմության», Հակոբ Մանանդյան, Հ. Բ, Մասն Ա, էջ 80․