Անտս Լայկմաա
Անտս Լայկմաա էստ․՝ Ants Laikmaa | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1866[1] |
Ծննդավայր | Վիգալա, Ռապլամաա, Էստոնիա |
Մահացել է | նոյեմբերի 19, 1942[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Կադառպիկու |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Էստոնիա |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Երեխաներ | Anu Kilpiö? |
Ants Laikmaa Վիքիպահեստում |
Անտս Լայկմաա (էստ․՝ Ants Laikmaa , մինչև 1935 թվականն ստորագրում էր որպես Հանս Լայպման (էստ․՝ Hans Laipman), մայիսի 5, 1866[1], Վիգալա, Ռապլամաա, Էստոնիա - նոյեմբերի 19, 1942[1], Կադառպիկու), էստոնացի նկարիչ, հասարակական գործիչ, Էստոնիայի արվեստի ազգային դպրոցի հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտս Լայկմաան ծնվել է Էստոնիայի Վիգալա շրջանի Առաստե գյուղի Պայբա կալվածքում՝ գյուղացու ընտանիքում։ Նա աղքատ ընտանիքի տասներեքերորդ զավակն էր։ Դպրոց է հաճախել Վելիսեում, Հաապսալուում, Լիհուլայում։ Մայրը մահացել է, երբ նա դեռ երեխա էր։ Նկարչությամբ հետաքրքրվել է վաղ տարիքից։ 1891 թվականին առանց ապրուստի միջոցների ոտքով Ռիգայից գնում է Դյուսելդորֆ, որտեղ 1891-93 և 1896-97 թվականներին բարեգործների օգնությամբ սովորել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում։ Եղել է Էդուարդ ֆոն Գեբգարդտի աշակերտը։ 1897-1899 թվականներին աշխատել է Դյուսելդորֆում[2]։ 1899 թվականի աշնանը վերադարձել է Տալլին։ 1900-1907 թվականներին որպես նկարիչ աշխատել է Տալլինում ու Հաապսալուում։ 1901 թվականին նա հիմնել է էստոնական արվեստի առաջին ցուցահանդեսը։ 1903 թվականին նա հիմնել է արվեստանոց, որ աշխատել է 1903-1907 և 1913-1932 թվականներին։ 1907 թվականին հիմնել է Էստոնական արվեստի միությունը (Eesti Kunstiselts)։
1904 թվականին 38-ամյա Անտս Լայկմաան հանդիպել է իր կյանքի ամենամեծ սիրուն՝ 21-ամյա Մարիա Հակերին, որն այն ժամանակ էստոնացի ամենահայտնի գրողներից մեկն էր։ Նույն տարում նա նկարել է Մարիայի երկու դիմանկարները, որ համարվում են Լայկմաայի լավագույն ստեղծագործություններից։ 1907-09 թվականներին նա հիմնականում Ֆինլանդիայում է բնակվել։ Ճանապարհորդել է Եվրոպայում, 1910-1912 թվականներին ապրել է Կապրիում ու Թունիսում։ 1913-1931 թվականներին Տալլինում աշխատել է որպես նկարիչ ու կերպարվեստի ուսուցիչ։ 1927 թվականին ծնվել է նրա միակ դուստրը՝ Աինո Մարիան (հետագայում՝ Anu Kilpiö, մահացել է 1969 թվականին)։ 1932 թվականին Անտս Լայկմաան բնակություն է հաստատել Էստոնիայի Տաեբլա շրջանի Կադառպիկու գյուղում գտնվող իր կալվածքում, որտեղ ապրել ու աշխատել է մինչև մահ։ Նա երբեք չի ամուսնացել։ Մահացել է 1942 թվականին, թաղվել է Կադառպիկուում։ 1960 թվականին նրա կալվածքում բացվել է նկարչի տուն-թանգարանը։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտս Լայկմաան ստեղծագործել սկսել է որպես դիմանկարիչ («Ծեր Այտսամը», 1904)։ Նա ստեղծել է էստոնական մշակույթի շատ գործիչների դիմանկարներ, օրինակ՝ բանաստեղծուհի Մարիա Ունդերի (1904), կոմպոզիտոր Միյնա Հյարմայի (1904), դերասան Պաուլ Պիննի (1906) և այլոց դիմանկարները։ 1903 թվականին ստեղծել է «Աղջիկը Լյաենեմաայից» հայտնի նկարը։ Նույն թվականին նկարել է Ֆրիդրիխ Կրեյցվալդի դիմանկարը։ 1913 թվականին ստեղծել է իր լավագույն գործերից մեկը՝ «Սալմե» դիմանկարը, որում պատկերված էր իր զարմուհին։
1905 թվականին գաղթել է Ֆինլանդիա, որտեղ տարվում է բնանկարներով («Վալինկոսկի», 1909)։ Իր բնանկարների ու դիմանկարների մի մասը Լայկմաան ստեղծել է Կապրիում (1909-1910) («Անակապրիի համայնապատկերը», «Իտալացի տղայի դիմանկարը», «Mia Padrona» (1910) և այլն) և Թունիսում (1910-1913) ապրելու տարիներին։
Անտս Լայկմաան Էստոնիա է բերել իմպրեսիոնիզմը։ Նա մեծ դեր է ունեցել էստոնական արվեստի զարգացման գործում։ Անտս Լայկմաան եղել է Էստոնիայի ազգային թանգարանի հիմնադիրներից մեկը։
Հայտնի ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնադիմանկար (1902)
- Աղջիկը Լյաենեմաայից (1903)
- Մարիա Ունդերի դիմանկարը (1904)
- Վիգալա նահանգ (1904)
- Ավգուստ Կիտզբերգի դիմանկարը (1915)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարիա Ունդերի դիմանկարը, 1904
-
Ծեր Այտսամ, 1904
-
Իտալացի տղա, 1911
-
Տեսարան Կապռիից, 1911-1912
-
Հին ֆերմա (1913)
-
Կառլ Ռոբերտ Յակոբսոնի դիմանկարը, 1920
-
Ինքնադիմանկար, 1920
-
Լիդիա Կոյդուլայի դիմանկարը, 1924
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
- ↑ «Անտս Լայկմաայի ստեղծագործությունը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտս Լայկմաայի տուն-թանգարանի պաշտոնական կայքը Արխիվացված 2012-11-29 Wayback Machine (անգլ.) (էստոներեն)
- Անտս Լայկմաա (կենսագրություն) Արխիվացված 2012-03-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտս Լայկմաա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 482)։ |