Շվեդական գրականություն
Շվեդական գրականություն, հիմնականում Շվեդիայի գրականությունն է, ինչպես նաև Ֆինլանդիայի բնակչության այն մասի գրականությունը, որոնք խոսում և գրում են շվեդերեն[1]։
Շվեդական գրականության ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդական գրականության ակունքները սկիզբ են առնում ռունական արձանագրություններից, որոնք հաճախ պատմում են այս կամ այն ազնվական ընտանիքի փառահեղ քաջագործությունների մասին (տես՝ Ռյոկի ռունական քար)։ Զուգահեռաբար զարգանում էր նաև քրիստոնեական գրականությունը, ինչպես օրինակ սուրբ Բրիգիտի արձանագրությունները Վադստենից, հին շվեդերեն լեզվով։
Փաստորեն, գրականությունը տերմինի ժամանակակից իմաստով Շվեդիայում հայտնվեց միայն Ռեֆորմացիայից հետո, որի ընթացքում կատարվեցին Աստվածաշնչի թարգմանություններ ազգային լեզուներով։ Նոր կտակարանի և հետագայում Աստվածաշնչի մյուս մասերի շվեդերեն թարգմանությունը կատարել է Լավրենտի (Լաուրենտիուս) Պետրին, որին օգնել է նրա եղբայրը՝ Օլաուսը։
Շվեդ գրողներ Էմանուել Սվեդենբորգի և Յուհան Ավգուստ Ստրինդբերգի համբավը դուրս էր եկել երկրի սահմաններից։
Ինչ վերաբերվում է շվեդական ժամանակակից գրականությանը, Շվեդիայի սահմաններից դուրս այն առավելապես հայտնի է շվեդական դետեկտիվ պատմությունների բազմաթիվ հրատարակություններով, հատկապես Գերմանիայում։ Դրանցից առաջինը գրող զույգեր` Շյովալի և Վալյոի վեպերն էին։ Այս գրողների դետեկտիվները ոչ միայն քրեական պատմություններ էին, այլ քննադատաբար և բավականին իրատեսորեն նկարագրում էին ոստիկանների սոցիալական միջավայրը, աշխատանքային պայմանները, անձնական փոխհարաբերությունները, ոստիկանության ավագ տեսուչ Մարտին Բեկի քրեական հետաքննությունների պատմությունների միջոցով, որոնց մի մասը հաջողությամբ էկրանացվել են։ Այս ժանրի մեկ այլ հանրաճանաչ հեղինակներից մեկը Հեննինգ Մանկելն է, որի գլխավոր հերոս Կուրտ Վալլանդերը նույնպես հայտնի է ֆիլմերից։ Մանկելի Շյովալիև Վալեի իրավահաջորդը համարվող Օկե Էդվարդսոնը հանդես է եկել տեսուչ Էրիկ Վինտերի հետաքննությունների վերաբերյալ մի շարք շվեդական հաջողված դետեկտիվներով։
Աստրիդ Լինդգրենի և Էլզա Բեսկովի մանկական գրքերը համաշխարհային ճանաչում ստացան։ Հեննինգ Մանկելը, բացի կոմիսար Վալլանդերի մասին գրքերից, գրքեր էր գրում նաև երեխաների համար՝ ներշնչվելով Աֆրիկայից, բավականին ժամանակ անցկացնելով Մոզամբիկում։
Պարբերականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդական գրականության պատմությունը ընդունված է դասակարգել մի քանի գրական դարաշրջանների, որոնց անվանումներն ավելի շատ կապված են Շվեդիայի քաղաքական պատմության հետ, քան գեղարվեստական ոճերի զարգացման պատմության հետ[1]։
- Հեթանոսության դարաշրջան (մինչև 1100)
- Կաթոլիկության դարաշրջան (1100-1520)
- Ռեֆորմացիայի դարաշրջան (1520-1600)
- Մեծապետական դարաշրջան (1611-1718/1721)
- Ազատության դարաշրջան (Լուսավորության դարաշրջան, 1721-1772)
- Գուստավյան դարաշրջան (կլասիցիզմ, ռոկոկո, նախառոմանտիզմ, 1772-1809)
- Նոր պետական համակարգ (ռոմանտիզմ, լիբերալիզմ, 1809-1880)
- 19-րդ և 20-րդ դարերի սահմանագիծ (նատուրալիզմ, իմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ և նեոռոմանտիզմ, 1880-1910)
- 20-րդ դարի առաջին կես
Հետպատերազմական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդական գրականությունը, ինչպես Սկանդինավյան մյուս գրականությունները, սկսվում են ռունական արձանագրություններից, որոնցում գովաբանվում էին իշխող վերնախավի փառավոր արարքները, կամ էլ խոսք էր գնում սեփականության գործարքների մասին։ Առաջին գրական տեքստը, որից սկիզբ է առնում շվեդական գրականությունը, դրոշմված է Ռյոկի քարի վրա, որը թվագրվում է 800 թվականով։ Քրիստոնեության ընդունմամբ Շվեդիա են բերվում Սուրբ գրքի տեքստերը և դրանց մեկնաբանությունները հունարեն, հին եբրայերեն և լատիներեն լեզուներով։
Միջնադար և Կալմարյան ունիա (1100-1520)
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի ռունական արձանագրություններից, որոնք ընդհանուր առմամբ կարճ տեքստեր էին, Շվեդիայի հնագույն մատենագրական հուշարձաններից են համարվում հողերի սեփականության մասին օրենքները (13-րդ դար)։ Քրիստոնեության տարածմամբ ստեղծվում է կրոնական գրականությունը, շարականները և Աստվածաշնչի մասերի թարգմանությունները 14-րդ դարից Եվրոպայի հարավից Շվեդիա է գալիս պալատական գրականությունը։ Հին շվեդերեն են թարգմանվում ասպետական վեպեր, «Եֆիմիական երգերը» (շվեդ.՝ Eufemiavisorna): Հենց այդ ժամանակ էլ, մոտավորապես 1300 թվականին ի հայտ են գալիս առաջին շվեդական տարեգրությունները, Էրիկի տարեգրությունը, իշխանության համար պայքարի մասին։ Շվեդիայի միջնադարյան ամենանշանավոր բանաստեղծուհիներից է համարվում Շվեդական Բրիգիտտան, որը իր «Երկնային հայտնություններում» (շվեդ.՝ Himmelska uppenbarelser) նկարագրում է սեփական տեսակետները և բանավիճում է իր քաղաքական և կրոնական հակառակորդների հետ։ Գրականության զարգացման համար մեծ նշանակություն ունեին նաև շվեդների, նորվեգացիների, դանիացիների և իսլանդացիների համար ընդհանուր համարվող բալլադներն ու սագաները։
Ռեֆորմացիայի և Մեծապետական դարաշրջան (1520-1721)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ժամանակաշրջանի սկզբում դրվեցին միասնական գրական շվեդերեն լեզվի հիմքերը։ 1541 թվականին Գուստավ I Վազայի կողմից իրականացվեց Աստվածաշնչի նոր թարգմանությունը, որը դավանական մնաց մինչև 1917 թվականը։ Ռեֆորմացիայի արդյունքում հատուկ զարգացում ստացավ կրոնական գրականությունը, որը գերակշռող էր այդ ժամանակահատվածում։
Վերածննդի դարաշրջանի գրականությունը Շվեդիայում հաստատվեց միայն 17-րդ դարում։ Դրա գլխավոր ներկայացուցիչը եղել է Լարս Վավալլիուսը, որը հայտնի էր որպես բանաստեղծ և արկածախնդիր։ Նրա պոեզիան սնուցվում էր ժողովրդական բանաստեղծությունների ներդաշնակ տաղաչափությամբ (շվեդ.՝ Knittelvers): Նրա բանաստեղծությունների գլխավոր թեմաներն էին, սերը ազատության և բնության հանդեպ։ Գեորգ Շերնելմը, ընդհակառակը ավելի շուտ նեոկլասիկ էր, նա փորձում էր որոշակի ակադեմիզմ տալ շվեդական պոեզիային, հենվելով անտիկ շրջանի գրական նմուշներին և չափերին։ Վեցաչափով գրված նրա «Հերկուլես» (1658) պոեմը, ներշնչել է շվեդ գրողների մի քանի սերունդների։ Շվեդիայում պետրարքիզմի ավանդույթները զարգացրել է Սկուգեչար Բերգբին, որը հրատարակել է «Կ Վյոներիդ» հարյուր սոնետների ժողովածուն (հրապարակվել է 1680 թվականին, գրվել է մինչև 1650 թվականը)։ Բարոկկո պոեզիայի զարգացման գագաթնակետը 1670-ական թվականներն էին։ Այդ ժամանակ ի հայտ եկան բազմաթիվ կրոնական երգեր, բազմաթիվ բանաստեղծություններ տարբեր առիթների համար (հարսանիքներ, թաղումներ, տոներ)։
Ազատության դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատության դարաշրջանը (1721-1772) սկսվում է երկրում ավելի ազատ քաղաքական ռեժիմի հաստատմամբ։ Շվեդիայի մեծագույն նատուրալիստ Կարլ Լիննեյը (1707-1778) առավելապես հայտնի է լատիներեն գրված իր գիտական աշխատություններով, սակայն նրա պարզ, հստակ և պատկերավոր ոճը զգալի ազդեցություն է ունեցել գրական շվեդերենի զարգացման գործում։ Բանաստեղծ և պատմաբան Ուլոֆ Դալինը (1708-1763) իր ստեղծագործությունները գրել է իր ժամանակի ֆրանսիացի և հատկապես անգլիացի գրողների (Դրայդենի, Սվիֆտի) ազդեցության ներքո։ Դալինը հիմնել էր «Շվեդական Արգուս» (1732-1734) շաբաթական երգիծական ամսագիրը, որը աննախադեպ ժողովրդականություն էր վայելում։ Յակոբ Մյորկը (շվեդ.՝ Jacob Henrik Mörk, 1715-1763) համարվում է Շվեդիայում դիդակտիկ վեպի ժանրի հիմնադիրը («Ադալրիկ և Գետիլդա», «Տեկլա» և այլն), որոնք զարգացան Ֆրանսուա Ֆենելոնի «Տելեմակի» ազդեցության ներքո։
Շվեդիայում ֆրանսիական ազդեցության ներկայացուցիչներից են նաև Հեդվիգ Շարլոտտա Նուրդենֆլյուկտը (1718-1763), Ֆիլիպ Կրեյցը (1731-1785), Գուստավ Ֆրեդերիկ Յուլլենբորգը (1731-1808)։ Այդ շրջանի շվեդական գրականության վրա մեծ ազդեցություն է ունեցել դանիացի գրող Լյուդվիգ Հոլբերգը (1684-1754), որի շվեդերեն թարգմանված կատակերգությունները լայնորեն հայտնի էին և հաճախ ծաղրանմանակվում էին։ Այս և հաջորդ դարաշրջանների մեծագույն ազգային բանաստեղծը եղել է Կարլ Միքայել Բելմանը (1740-1795)։ Պոեզիայում Բելմանը առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում բնության գեղեցկությանը, նրա ստեղծագործությունները առանձնանում էին ճարտարվեստությամբ և ձևերի ինքնատիպությամբ։ Լայն ճանաչում ստացավ նրա ամենահայտնի էպիկական և քնարերգական բանաստեղծությունների «Ֆրեդմանի երգեր» ժողովածուն։ Ազատության դարաշրջանի երկրորդ կեսին (1753 թվականից) Պրուսիայի թագուհի Լուիզա Ուլրիկան հիմնադրեց Շվեդիայի Բանահյուսության, պատմության և հնությունների Թագավորական ակադեմիան։ Ստեղծվեցին մի քանի մասնավոր խմբակներ, որոնք նպատակ ունեին խթանել կերպարվեստի զարգացումը։
Գուստավյան դարաշրջան (1772-1809)
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուստավ III թագավորի գահակալության օրոք ֆրանսիական ազդեցությունը Շվեդիայի մշակութային կյանքում հասավ իր գագաթնակետին։ Գուստավի դարաշրջանի սկզբում հիմնադրվեցին Երաժշտական ակադեմիան և Թագավորական թատրոնը։ Ինքը` թագավորը համագործակցելով մերձավորների հետ գրում էր դրամաներ և տեքստեր օպերաների համար։ Թագավորի գլխավոր համահեղինակը և իր ժամանակի բնորոշ ներկայացուցիչը Յուհան Հենրիկ Չելգրենն (1751-1795) էր, որը հատկապես հետաքրքրվում էր Վոլտերով։
Չելգրենի հետ մրցակցում էր Կարլ Գուստավ Լեոպոլդը (1756-1829), որը հատկապես հայտնի էր իր «Էգլեն և Անետը» (շվեդ.՝ Eglé och Annette) պատմվածքով, որում թեթևամիտ մայրաքաղաքային կյանքը հակադրվում էր պարզունակ գյուղական կյանքին։ Իր քննադատական հոդվածներով Լեոպոլդը նպաստեց իր ժամանակակիցների գրական ճաշակի զարգացմանը։ Այս ժամանակաշրջանի ամենահայտնի գրողը եղել է Աննա Լենգրենը (1755-1817), որը իր ստեղծագործությունների սյուժեները վերցնում էր հասարակության տարբեր խավերի ընտանեկան կյանքից, «Ուրախ տոն» (շվեդ.՝ Den glada Festen), «Էկլոգա» (շվեդ.՝ Eklog), «Երեխաները գյուղում» (շվեդ.՝ De smaa paa landet), «Մանուկները» (շվեդ.՝ Pojkarne), «Ծաղկեփունջ» (շվեդ.՝ Buketten):
Շվեդական գրականության մեջ ռոմանտիկական ուղղության ներկայացուցիչը Թոմաս Թուրիլդն (1759-1808) էր, որը մոտ էր գերմանական «Փոթորկի և գրոհի ժամանակաշրջանին», ով հանդես էր գալիս հանուն բնությանը մերձենալու, մտքի և զգացմունքների ազատության և «Ազատախոհության մասին» (շվեդ.՝ Om det allmänna förstaandets frihet) ստեղծագործության համար դատապարտվեց 4 տավա աքսորի։ Հոգեկան նկարագրով Թուրիլդին մոտ էին Ֆրանս Միքայել Ֆրանսենը և Բենգտ Լիդները (1759-1793), որոնց լավագույն գործերից են համարվում «Կոմսուհի Սպաստարի մահը» (շվեդ.՝ Grefvinnan Spastaras död) և «1783 թվականը» (շվեդ.՝ Aaret 1783):
Գրող և ռազմական գործիչ Գեորգ Ադլերսպարրն այդ ժամանակաշրջանում հրատարակում էր «Läsning i blandade ämnen» ամսագիրը, որի հետ համագործակցում էին գրականության լավագույն ուժերը։
Նոր պետական համակարգի ժամանակաշրջան (1809-1880)
[խմբագրել | խմբագրել կոդը]1809 թվականի պետական հեղաշրջումից հետո շվեդական գրականության մեջ բարեփոխումներ եղան։ 1810 թվականին հայտարարվեց մամուլի բավականին լայն ազատականացման մասին։ Գերմանական ռոմանտիկ դպրոցի ազդեցության ներքո, շվեդական գրականության մեջ ձևավորվեցին երկու նոր ուղղություններ` նեոռոմանտիզմը և էթիցիզմը։ Առաջին ուղղության կողմնակիցներին կոչում էին «ֆոսֆորիստներ» (շվեդ. Phosphoros, «Ֆոսֆոր» ամսագրի անվանումով), դրանք Ուպսալայի համալսարանի ուսանողներն էին։ Դեռևս 1803 թվականին Ուպսալայում կազմավորվեց նրբագեղ բանահյուսության սիրահարների ընկերությունը, որի լուծարումից հետո, 1807 թվականին 17-ամյա ուսանող Ատտերբումի կողմից հիմնադրվեց «Ավրորայի միությունը»։ Այս միությունում են ձևավորվել երիտասարդների գրական հայացքները, որոնք հետագայում իրենց արտահայտությունն են գտել «Պոլիֆեմ» (Ստոկհոլմ, 1809-1812) և «Ֆոսֆորիտ» (Ուպսալա, 1810-1813) ամսագրերում։ Ֆոսֆորիստների բանաստեղծական ստեղծագործությունները հրապարակվել են «Բանաստեղծական ալմանախում», Ատտերբումի կողմից, (1812-1822), դպրոցի քննադատական օրգանը եղել է «Svensk litteraturtidning»-ը (1813-1824)։
Հայտնի գրող ֆոսֆորիստ Պեր Դանիել Ատտերբումը ինքը եղել է ֆոսֆորիստ և իր գործունեությունը սկսել է Վիլհելմ Տիկի և Ֆրիդրիխ Շելլինգի ազդեցության ներքո։ Նա ձգտում էր ստեղծագործություններում համատեղել ռոմանտիկ ոճը բնափիլիսոփայական բանականության հետ։ Նրա «Երանության կղզի» (շվեդ. Lycksalighetens ö) պոեմ-հեքիաթը համարվում է շվեդական ռոմանտիզմի գագաթնակետը։ Այս այլաբանական պոեմի գաղափարը դիմակայություն է անուրջների աշխարհի և իրական կյանքի միջև։ Ֆոսֆորիզմի նշանավոր ներկայացուցիչ էր նաև Ֆրեդերիկ Պալմբլադը (1788-1852), որը եղել է գրող և հրատարակիչ։
Գրողների երկրորդ շարժումը միավորված է «Գոթական միության» մեջ (շվեդ.՝ Götiska förbundet, որը կոչվում է հին գերմանական գոթերի ցեղի անունով), ուներ ոչ միայն զուտ գրական, այլ նաև ընդհանուր մշակութային նպատակներ։ Ինչպես ֆոսֆորիստները, «գոթերը» եղել են ռոմանտիկական դպրոցի կողմնակիցներ, արտահայտված ազգային ոգով։ Միության անդամների շարքերում բանաստեղծական տաղանդ ունեցող բազմաթիվ մարդիկ կային։ «Գոթերի» միության հիմնադիրը Յակոբ Ադլերբետն էր (շվեդ. Jakob Adlerbeth), լատինական դասականների տաղանդավոր թարգմանչի որդին։ 1811 թվականից «գոթերը» սկսեցին հրատարակել իրենց սեփական ամսագիրը «Իդունան»։ 1844 թվականին Ադլերբետը մահացավ և միությունը լուծարվեց։
«Գոթերի» շարքին էին դասվում շվեդական գրականության երկու ապագա լուսատուներ` Էսայաս Տեգները (1782-1846) և Էրիկ Գեյերը (1783-1847)։ Այս երկու հեղինակները համարվում են Շվեդիայի խոշորագույն ազգային բանաստեղծներ և համալսարանի պրոֆեսորներ էին, Գեյերը դասավանդում էր Ուպսալայի, իսկ Տեգները Լունդի համալսարանում։ Էրիկ Գեյերը միաժամանակ բանաստեղծ էր, փիլիսոփա, կոմպոզիտոր և ականավոր պատմաբան։ Սկզբում միանալով ռոմանտիկների ճամբարին, նա հետագայում դարձավ լիբերալների հայացքների եռանդուն պաշտպանը։ Էսայաս Տեգները հետագայում միացավ նեոկլասսիկական ակադեմիական ուղղությանը։
«Գոթական միության» անդամ էին նաև երկու նշանավոր գրողներ` Արվիդ Աֆցելիուսը (1785-1871), ով զբաղվում էր շվեդական ժողովրդական երգերի և ավանդազրույցների հավաքմամբ և շվեդերեն էր թարգմանել հնագույն «Էդդան», ինչպես նաև Պեր Լինգը (1776-1839), «Շվեդական մարմնամարզության» ստեղծողը։
Վերը նշված խմբավորումերից որոշ չափով առանձնանում էր Էրիկ Յուհան Ստագնելիուսը (1793-1823), որի ստեղծագործություններին բնորոշ էին առեղծվածային կերպարները և դրանք աչքի էին ընկնում անգերազանցելի վիրտուոզությամբ։
19-րդ և 20-րդ դարերի սահմանագիծ (1870-1914)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավգուստ Ստրինդբերգը և Սելմա Լագերլյոֆը համարվում են այդ ժամանակաշրջանի խոշորագույն գրողներ։ 1879 թվականին Ավգուստ Ստրինդբերգը համընդհանուր ճանաչում ստացավ իր «Կարմիր սենյակ» վեպով, այնուհետև ստեղծեց փոքր ծավալի մի շարք գործեր և անցավ դրամատուրգիային։ Շնորհիվ «Հայրը» (շվեդ. Fadren, 1887) և «Ֆրյոկեն Յուլիա» (շվեդ.՝ Fröken Julie, 1888) պիեսների, ինչպես նաև սիմվոլիզմի ոգով գրված «Երազների խաղը» (շվեդ.՝ Ett drömspel, 1902) և «Ուրվականների սոնատը» (շվեդ.՝ Spöksonaten, 1907) ստեղծագործությունների Ստրինբերգը լայն ճանաչում ստացավ նույնիսկ Շվեդիայի սահմաններից դուրս։
Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Սելմա Լագերլյոֆը 1891 թվականին հայտնի դարձավ իր «Սագա Իյոստե Բեռլինգի մասին » վեպով։ Լագերլյոֆի մեկ այլ նշանավոր ստեղծագործություն «Նիլս Հոլգերսոնի զարմանալի ճամփորդությունը Շվեդիայում, վայրի սագերի հետ» մտահղացվել էր, որպես դպրոցական խաղ-ձեռնարկ աշխարհագրությունից։ Բացի այդ մեկ այլ Նոբելյան մրցանակի դափնեկիր Կարլ ֆոն Հեյդենստամի պատմական ստեղծագործությունը «Շվեդիան և նրա տիրակալները» (շվեդ.՝ Svenskarna och deras hövdingar), նույնպես նախատեսված էր դպրոցականների համար, որը հրատարակվել էր 1909 թվականին։ Հեյդենստամը Գուստավ Ֆրյոդինգի հետ միասին եղել են 1890-ական թվականների առավել նշանավոր քնարերգուներից։
Շվեդական «դարի վերջը» առավել հստակ է ներկայացնում Յալմար Սյոդերբերգը, որի ժառանգությունը լի է մարդու նկատմամբ պեսիմիզմով և միաժամանակ աչքի է ընկնում ոճական փայլով։ Սեդերբերգի սիրված հերոսները հիասթափված չարագործներ են։ 1895 թվականին նա հրատարակեց իր առաջին վեպը «Մոլորությունը» (շվեդ.՝ Förvillerser), այնուհետև հրատարակեց իր առաջին գլուխգործոցը «Դոկտոր Գլաս» (շվեդ.՝ Doktor Glas) վեպը, որի լույս ընծայումը իսկական սկանդալ առաջացրեց Շվեդիայում։ 1912 թվականին լույս տեսավ նրա «Լուրջ խաղ» (շվեդ.՝ Den allvarsamma leken) վեպը, որը համարվում է սիրավեպի դասական օրինակ։ Այս ժամանակաշրջանի խոշորագույն բանաստեղծներից է սիմվոլիստ և մոդեռնիստ Վիլհելմ Էկելունդը։
20-րդ դարի առաջին կես (1914-1945)
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականից հետո գրականությունն անդրադառնում է սոցիալական թեմաներին։ 1920-1930-ական թվականների աշխատանքային գրականությունը և միջին խավի քննադատական պատկերումը, հենվում էին գրողների սեփական փորձի վրա և հաճախ ունենում էին ինքնակենսագրական բնույթ։
Էքսպրեսիոնիզմի, ֆուտուրիզմի և սյուրռեալիզմի ազդեցության ներքո գտնվող ժամանակակից քնարերգությունը ներկայացված է Պեր Լագերկվիստի ստեղծագործություններում։ Մյուս առավել նշանավոր-գրող մոդեռնիստներն էին` Հարրի Մարտինսոնը, Բիրգեր Սյոբերգը, Յալմար Գուլլբերգը, Արթուր Լունդկվիստը և ուրիշներ։ Բանաստեղծուհի Կարին Բոյեն միավորում էր սոցիալիզմի և հոգեվերլուծության գաղափարները։ Այս ժամանակաշրջանի ամենաարմատական շվեդ մոդեռնիստ բանաստեղծն է համարվում Գուննար Էկելյոֆը։
Գերմանիայում նացիստների իշխանության գալը ազդեց նաև շվեդական գրականության վրա։ Պեր Լագերկվիստը նացիստական գաղափարախոսության տարածմանը արձագանքեց «Դահիճը» (շվեդ.՝ Bödeln, 1933) և «Թզուկը» (շվեդ.՝ Dvärgen, 1944) վեպերով, որոնցում բացահայտվում է մարդկային չարությունը։ Հականացիստական թեմաներ են առկա նաև Կարին Բոյեի ստեղծագործություններում (նրա Կալլոկաին / Kallocain, 1940 հակաուտոպիական վեպը) և նոբելյան մրցանակի դափնեկիր, Էյվինդ Յունսոնի Կրիլոնեի մասին (շվեդ.՝ Krilonromanen) վեպերի շարքում։
Հետպատերազմական ժամանակաշրջան (1945-մինչև հիմա)
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն առաջին տասնամյակի ընթացքում շվեդական մոդեռն գրականությունը իրականում հայտնի դարձավ։ Էքզիստենցիալ խնդիրները իրենց արտահայտությունն են գտել հիմնականում քնարերգության մեջ։ Այդ ժամանակաշրջանի նշանավոր գրողների թվին են դասվում` Էրիկ Լինդենգրենը, Կարլ Վեննբերգը, Կարլ Վերներ Ասպենստրյոնը , Էլզա Գրավեն (շվեդ.՝ Elsa Grave) և Ռուտ Հիլլարպը (շվեդ.՝ Rut Hillarp): Բանաստեղծներ Լարս Ֆորսելը (շվեդ. Lars Forssell) և Թումաս Տրանստրյոմերը միջազգային ճանաչում ստացան։ Հետպատերազմական ժամանակաշրջանի ամենանշանավոր արձակագիրներից էին հականատուրալիստական գեղագիտության կողմնակից Լարս Ալինը և Ստիգ Դագերմանը, որի գլխավոր թեմաներն էին մեղքն ու վախը։ Փորձարարական ստեղծագործությունների հետ մեկտեղ զարգանում էր նաև դասական վեպը, որի նշանավոր ներկայացուցիչներից էր Սառա Լիդմանը, ով իր «Խեժի դաշտավայրը» (շվեդ.՝ Tjärdalen, 1953) վեպում նկարագրում է գյուղական կյանքը, և Պեր Անդերս Ֆոգելստրյոմը, որը հետաքրքրվում էր ուրբանիստական թեմաներով, մասնավորապես «Ամառը Մոնիկայի հետ» (շվեդ.՝ Sommaren med Monika, 1951) վեպում։
Հատկապես նշանակալի է համարվում արդեն հիշատակված Հարրի Մարտինսոնի ներդրումը, որը արժանացել է Նոբելյան մրցանակի գրականության բնագավառում։ Մարտինսոնը եղել է բուդդիզմի և դաոսիզմի կողմնակից, բայց ոչ թե կրոնական, այլ բարոյափիլիսոփայական իմաստով։ Մարդկային ցավի և տիեզերական դատարկության պատկերներն են ներկայացված «Անիարա» պոեմում, որտեղ պատմվում է ուղեծիրը կորցրած տիեզերանավի մասին։ Հարրի Մարտինսոնի «Ճանապարհը Կլոկրիկում» (շվեդ.՝ Vägen till Klockrike, 1948) վեպի գլխավոր հերոսը, սիգարների գործազուրկ վարպետ Բոլլեն, որը թափառում էր Շվեդիայում 1800-ական թվականներին, մարմնավորելով Մարտինսոնի հայացքները, որոնք նշանավորվում են հեռավոր արևելյան կրոնների ազդեցությամբ։ Վեպը էկրանավորվել է 1953 թվականին շվեդ ռեժիսոր Գուննար Սկուգլունդի (շվեդ.՝ Gunnar Skoglund) կողմից, իսկ 1959 թվականին կոմպոզիտոր Կարլ Բիրգեր Բլումդալը գրել է համանուն օպերան, որն այնուհետև բեմադրվեց Ստոկհոլմում։
1960-ական թվականների կեսերին որոշակի փոփոխություններ տեղի ունեցան նոր գեղարվեստական ստեղծագործությունների ուղղվածության մեջ։ Նոր քաղաքական գիտակցությունը պահանջում էր ավելի շատ հասարակական թեմաների քննադատություն։ Զարմանալի չէր, որ այս համատեքստում զարգանում է վավերագրական վեպի և ռեպորտաժի ժանրը։ Պեր Ուլոֆ Էնկվիստը ճանաչում ստացավ իր «Լեգիոներները» (շվեդ.՝ Legionärerna, 1968) վեպով, որտեղ պատմվում է Շվեդիայի կողմից Էսէսի 167 լեգիոներների ԽՍՀՄ-ին արտահանձնման մասին։ Յան Մյուրդալը հրատարակեց «Ռեպորտաժ չինական գյուղից» (շվեդ.՝ Rapport från en kinesisk by) ստեղծագործությունը։ Մյուս գրողներից, ինպիսին է Սառա Լիդմանը գրում է այս պահին Շվեդիայի սահմաններից դուրս ապրող մարդկանց կյանքի պայմանների և հանգամանքների մասին։ 1970-ական թվականների սկզբին արդիական դարձան ներքաղաքական կյանքի մասին, մասնավորապես կանանց իրավունքների վերաբերյալ թեմաները։ Այդ մասին են գրել Գուն-Բրիտ Սունդստրյոմը (շվեդ.՝ Gun-Britt Sundström) «Լիդիայի համար» (շվեդ.՝ För Lydia) վեպում և Ինգեր Ալվենը (Inger Alfvén) «Դստեր դուստրը» (շվեդ.՝ Dotter till en dotter) վեպում։
1970-ական թվականներին տեղի ունեցավ վեպ-դյուցազներգությունների և վիպական երկերի շարքի ժանրերի վերածնունդը։ Սվեն Դելբլանկը իր «Հեդեբի շարքում» (շվեդ.՝ Hedebysvit) գովերգում էր գյուղական կյանքը Սյոդերմանլանդում, Չերստին Էկմանը հրատարակեց «Վհուկների մատանիները» (շվեդ.՝ Häxringarna) վեպը, որով սկսվեց XIX դարի վերջի Սյոդերմանլանդի մասին շարքը, իսկ Սառա Լիդմանը ներկայացրեց 19-րդ դարում Վեստերբոտտենի գաղութացման մասին «Երկաթուղային էպոս» (շվեդ.՝ Jernbaneepos) հինգ վեպերի շարքը։ Յորան Տունստրյոմը գեղանկարչական հմտությամբ ներկայացրեց Վերմլանդը «Քահանայի երեխան» (շվեդ.՝ Prästungen) և «Ամանորյա օրատորիա» (շվեդ.՝ Juloratoriet) վեպերում։
Ժամանակակից առաջատար դրամատուրգներից մեկն է համարվում Լարս Նորենը, որը հայտնի է 1980 թվականին գրված իր «Խիզախությունը սպանված է» (շվեդ.՝ Modet att döda) ընտանեկան դրամայով։ Ստիգ Հոկան Լարսոնը 1980-ական թվականներին ճանաչում ստացավ պոստմոդեռնիստական ոճի ստեղծագործություններով, մասնավորապես «Աուտիստները» (շվեդ.՝ Autisterna) վեպով։ Միաժամանակ հրատարակվում էին հետաքրքիր ստեղծագործություններ էպիկական պատմվածքի ավանդույթներով, մասնավորապես այնպիսի հեղինակներ ինչպիսիք են Տերնե Լինդգրենը (Օձի արահետ ժայռի վրա / Ormens väg på hälleberget և Իշամեղվի մեղր / Hummelhonung), Պեր Ուլոֆ Էնկվիստը (Երաժիշտների ելույթը / Musikanternas uttåg և Պալատական բժշկի այցը / Livläkarens besök), ինչպես նաև Չերստին Էկմանը իր «Գայլի մորթին» (շվեդ.՝ Vargskinnet) եռագրությամբ։
Շվեդական դետեկտիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը շվեդական դետեկտիվ վեպը մեծապես գտնվում էր արտասահմանյան նմուշօրինակների մեծ ազդեցության ներքո։ Միայն պատերազմից հետո շվեդական դետեկտիվները դառնում են անկրկնելի, ինչպես գործողության վայրով, այնպես էլ ոճով և սյուժեի զարգացմամբ։ Այս առումով հատկանշական են Մարիա Լանգի ստեղծագործությունները, որոնցում լուսաբանվում է գավառական կյանքն ու կենցաղը։ Չնայած որոշակի սխեմատիկությանը նրա ստեղծագործությունները մեծ մասսայականություն են վայելում, դրանք էկրանավորվում են։ 1949 թվականից մինչև 1990-ական թվականները գրողի կողմից ստեղծվել են քառասուներեք դետեկտիվներ մեծահասակների և չորսը երեխաների համար։ 1960-ական թվականներին բավականին արգասաբեր ստացվեց Պեր Վալյոի և Մայ Շևալի գրական համագործակցությունը, որոնք հայտնի դարձան Շվեդիայի սահմաններից դուրս իրենց «Հանցագործության մասին» (շվեդ.՝ om ett brott) տասհատորյակի շարքով։ Այս վեպերը զվարճալի էին ոչ միայն իրենց գեղարվեստական բովանդակությամբ, այլև ունեին քաղաքական ենթատեքստ։ Վալյոի և Շևալի ստեղծագործական հաջողությունների ազդեցության ներքո Շվեդիայում սկսեցին ի հայտ գալ ավելի շատ դետեկտիվ վեպեր։ Հատկանշական է, որ 1971 թվականին հիմնադրվեց «Դետեկտիվի Շվեդական ակադեմիան» (շվեդ.՝ Svenska Deckarakademin): Միջազգային մեծ հաջողություններ ունեցան այս ակադեմիայի մրցանակակիրներ, դետեկտիվի վարպետներ Հեննինգ Մանկելլը և Ստիգ Լարսսոնը։
Մանկական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկական գրականության առաջին նշանավոր ստեղծագործությունները Շվեդիայում ի հայտ եկան մոտավորապես 1900 թվականին։ Այս ժամանակաշրջանի առավել նշանավոր մանկական գրողներից էին Էլզա Բեսկովը, Աննա Մարիա Ռոոսը (շվեդ.՝ Anna Maria Roos) և Աննա Վալենբերգը (շվեդ.՝ Anna Wahlenberg): 1945 թվականին «Երկարագուլպա Պեպպին» վեպի հրատարակումից հետո հայտնի դարձավ ժամանակակից Շվեդիայի գրեթե ամենահայտնի գրող Աստրիդ Լինդգրենը։ Նրան հաջողվեց մանկական գրականությունը ազատել ավելորդ բարոյականությունից և դիդակտիզմից` գրելով հետաքրքրաշարժ ձևով, միաժամանակ չխուսափելով կարևոր աշխարհայացքային հարցերից, ինչպիսիք են կյանքը և մահը («Եղբայրներն առյուծի սիրտ ունեն»), քաջությունը և վախը («Միո, իմ որդի»), սերունդների ընդհարումը («Ռոնին, ավազակի դուստր է») և այլն։ Գրականության այս ժանրում բարեփոխումներ կատարեցին Մարիա Գրիպեն, Գուննել Լինդեն (շվեդ.՝ Gunnel Linde), Ինգեր և Լարս Սանդբերգները (շվեդ.՝ Inger och Lasse Sandberg), Սվեն Նուրդկվիստը (Պետսոնի և նրա փիսիկ Ֆինդուսի մասին գրքերը), Մոնի Բրենստրյոմը (շվեդ.՝ Moni Nilsson-Brännström, Tsatsiki գրքերի շարքը) և ուրիշներ[2]։ Շվեդական գրադարանների ասոցիացիայի կողմից ամեն տարի շնորհվում է Կառլ Լիննեյի մեդալ երեխաներին և երիտասարդությանը նվիրված ճանաչողական թեմատիկայի լավագույն ստեղծագործության համար[2]։
Գրականության բնագավառում շվեդական Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սելմա Լագերլյոֆ (1909)
- Կարլ Գուստավ Վերներ ֆոն Հեյդենստամ (1916)
- Էրիկ Աքսել Կարլֆելդտ (1931)
- Պեր Լագերքվիստ (1951)
- Էյվինդ Յոնսոն (1974)
- Հարրի Մարտինսոն (1974)
- Թոմաս Թրանսթրյոմեր (2011)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Der Literatur Brockhaus in 8 Bd., Bibliographisches Institut und F. A. Brockhaus AG, Mannheim, 1995, Bd. 7; S. 210.
- ↑ 2,0 2,1 Баумгартен-Линдберг, Исакссон, 2005
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Художественная литература скандинавских стран в русской печати : Библиогр. указ. / Всесоюз. гос. б-ка иностр. лит. ; [Сост. Б. А. Ерхов]. — М. : ВГБИЛ, 1986-.
- Шведская литература от 1880-х годов до конца XX века [Текст] : словарь-справочник / А. А. Мацевич ; Российская акад. наук, Ин-т мировой литературы им. А. М. Горького. — Москва : ИМЛИ РАН, 2013. — 311 с.
- Баумгартен-Линдберг М., Исакссон У. Литературные премии // Шведская детская литература / Пер. со шведского Анны Савицкой. — Стокгольм : Шведский институт, 2005. — 47 с. — ISBN 978-91-520-0745-7.
- Новая шведская проза / Ингрид Элам; [пер. Аси Лавруши]. — Стокгольм : Шведский ин-т, 2002. — 38 с.
- Жанр романа-антимифа в шведской литературе 1940—1960-х годов : на материале произведений П. Лагерквиста и Э. Юнсона : диссертация кандидата филологических наук : 10.01.03 / Полушкин Александр Сергеевич; [Место защиты: Ур. гос. ун-т им. А. М. Горького]. — Челябинск, 2008. — 255 с.
- Русско-шведские литературные связи в XVIII веке : диссертация доктора филологических наук : 10.01.01 / Рос. гос. гуманитар. ун-т (РГГУ). — Москва, 2006. — 470 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Смирницкий А., Борисов К., Александров Г., Скандинавские литературы // Литературная энциклопедия: В 11 т. — [М.], 1929—1939. Т. 10. — [М.: Худож. лит., 1937]. — Стб. 785—824.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեդական գրականություն» հոդվածին։ |
|