Գիտակցության հոսք
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գիտակցության հոսք, նկարագրության ձև կամ միջոց, որը փորձում է արտահայտել մտքերի և զգացողության բազմազանությունը։ Գոյություն ունի նաև մեկ այլ տերմին ներքին մենախոսություն, որն 1890-ին առաջին անգամ օգտագործեց Վիլյամ Ջեյմսը իր Հոգեբանության սկզբունքները աշխատության մեջ, գիտակցության հոսք տերմինն առաջինը կիրառեց Մեյ Սինկլեյրը, գրաքննադատության մեջ։
Մոդեռնիզմը և գիտակցության հոսքը
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարավերջը և 20-րդ դարասկիզբը Եվրոպայում և Ամերիկայում նշանավորվում է մարդկանց աշխարհընկալման և իրականության հանդեպ իրենց վերաբերմունքի փոփոխությամբ։
Մեծ բացահայտումներն ու հայտնագործությունները միջուկային ֆիզիկայի, ռադիոտեխնիկայի և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում, բշժկության, հոգեբանության և գիտության այլ ճյուղերի աննախադեպ զարգացումը, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակը և դրանով պայմանավորված սոցիալ-տնտեսական փոփոխությունները ստիպում են նոր՝ 20-րդ դարի մարդկանց վերանայել և փոխել իրենց նախկին պատկերացումները իրականության օրենքների և աշխարհի մասին։
Այսպիսի փոփոխությունները չէին կարող չանդրադառնալ մշակույթի, արվեստի զարգացման վրա. տեղի է ունենում մշակութային պարադիգմի՝ հարացույցի փոփոխություն։ Վերածննդի և Լուսավորության դարաշրջաններից եկող ներդաշնակ աշխարհի պատկերը, որի կենտրոնում մարդասիրական իդեալներն են, քաղաքակիրթ մարդն է՝ հոգևորի, բանականության և բարոյականության մարմնացումը, և, որը կարելի է ներկայացնել որպես մշակույթի մարդակենտրոն հարացույց, դուրս է մղվում մեկ այլ հարացույցի կողմից, որի համար առաջնային է այն գաղափարը, որ քաղաքակրթությունը անխուսափելիորեն ծնունդ է տալիս ավերիչ և քաոսային ուժերի։ Այս նոր մշակութային հարացույցի հիմքում ընկած է ոչ թե քաղաքակրթությունը, այլ բնականությունը, որը ներկայանում է որպես չհամակարգված երևույթ՝ քաոս։
20-րդ դարասկզբին Եվրոպայում ձևավորված այս հզոր մշակութային շարժումը, Արևմտյան մշակույթի անցումը դեպի նոր որակական մակարդակ պատմությանը հայտնի է «ՄՈԴԵՌՆԻԶՄ» անունով։
Մոդեռնիստները նոր շունչ, նոր ձև ու բովանդակություն են հաղորդում 20-րդ դարի գեղարվեստական մտքին ու մտածողությանը՝ դեմ գնալով դարերի հնություն ունեցող նորմերին ու ավանդույթներին։ Փշրելով ռեալիստական գրականության կողմից պարտադրված շղթաներն ու կապանքները՝ մոդեռնիստ գրողները խիզախորեն կոտրում են գեղարվեստական տեքստի կառուցման հին «ռազմավարական» հնարների ու մեթոդների կարծրատիպերը։
Մոդեռնիզմը՝ որպես գրական և մշակութային գաղափարախոսություն, շեշտադրում է ժամանակակից աշխարհին բնորոշ ընդհանուր աններդաշնակությունը, այդ աշխարհում ապրող անհատի՝ անկայուն վիճակը, շփոթմունքն ու հուսալքությունը, հավատի կորուստը, նրա օտարացումը հասարակությունից։ Ըստ մոդեռնիստների՝ նախորդ դարի արվեստագետները, ովքեր պատկերում էին աշխարհն ու մարդկանց ռեալիստական մեթոդներով, անկարող են եղել պատկերել մարդուն՝ որպես ՄՏԱԾՈՂ էակ, անհատ՝ իր զգացմունքներվ, հույզերով և մտքերով։ Ի հակադրություն ռեալիստների՝ մոդեռնիստները ձգտում էին պատկերել անհատի ներարշխարհը՝ հոգեկան ապրումները, հոգեբանական վախերը, շփոթմունքները, բարդույթներն ու նմանատիպ պատնեշների հաղթահարումը։ Թերևս մոդեռնիստների հենց այս ձգտումների արդյունքը կարելի է համարել «ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՍՔ» գրական մեթոդի ներմուծումը։
Գիտակցության հոսքը որպես գրական մեթոդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտակցության հոսքը համարվում է 20-րդ դարի գեղարվեստական գրականության ամենահատկանշական առանձնահատկություններից մեկը։ Այս մեթոդը կյանքի է կոչվել այնպիսի նշանավոր գրողների կողմից, ինչպիսիք են Ջեյմս Ջոյսը, Վ. Վուլֆը, Վ. Ֆոլքները, Դ. Ռիչարդսոնը, Թ. Էլիոթը և այլք։
«Գիտակցության հոսք» հասկացությունն իր արմատներով կապված է փիլիսոփայության և հոգեբանության հետ։ Այս տերմինն առաջին անգամ կիրառվել է ամերիկացի փիլիսոփա և հոգեբան Վ. Ջեյմսի կողմից իր «Հոգեբանության սկզբունքները» ("The Principles of Psychology" (1890)) աշխատության մեջ։ Նա նշում է, որ մարդկային գիտակցությունը նման է «գետի» կամ «հոսանքի», որում մտքերը, զգացմունքները, ապրումները, զուգորդումները շարունակաբար բաժանվելով և միախառնվելով հոսում են, հետևաբար, ճիշտ կլինի գիտակցության մասին խոսելիս կիրառել «գիտակցության հոսք» տերմինը (W. James։1890)։
Գիտակցության հոսքի համար տեսական հիմք են հանդիսանում Զիգմունդ Ֆրեյդի և Կ. Յունգի տեսությունները։ Այս մեթոդի միջոցով վեր է հանվում կերպարների «գիտակցության իրականությունը»։ Գրողն այս հնարի միջոցով կերտում է մի յուրօրինակ գեղարվեստական աշխարհ, որն «ապրում է» միայն իրեն հատուկ օրենքներով։
Գիտակցության հոսքը՝ որպես գրական մեթոդ, մերժում է պատճառի և հետևանքի դարավոր կապը, ժամանակի և տարածության ավանդական հարաբերությունները։ Իրականությունը՝ արդեն վատնած իր զարգացման տրամաբանությունն ու հետևողականությունը, մասերի է բաժանվում։ Իրականության հայելու փշրված կտորտանքներն իրենց մոզաիկ արտացոլումն են գտել Ջ. Ջոյսի, Վ.Վուլֆի, Ֆ. Կաֆկայի, Վ. Ֆոլքների և այլոց կերտած կերպարների գիտակցության մեջ։
Գիտակցության հոսքի մասին կարծիքներն առավել քան հակասական Էին։ Որոշ գրաքննադատներ գտնում էին, որ հոգեբանության մեր կիրառելի հիմնադրույթների ներմուծումը գրական ստեղծագործությունը հեռացնում էր գրականությունից և տանում դեպի գիտություն՝ հերոսներին կտրելով իրենց կյանքից և ներկայացնելով որպես նորարարական հնարների մեկուսացված «փորձաճագար»։ Այնուամենայնիվ, տարիների հեռավորությունից ընթեցողների ու գրաքննադատների մեծամասնությունը չի կիսում նշված կարծիքը։
Գիտակցության հոսքը կապանքազերծում է մինչ այդ գրական երկերի խորքերում թաքնված մարդուն՝ անհատին՝ բացահայտելով նրա ներաշխարհը, ներքին խոսքն ու միտքը։ Գիտակցության հոսքի միջոցով ընթերցողներն ու հերոսները կանգնում են դեմառդեմ. միջնորդի՝ հեղինակի դերը մինիմալացված է։ Կերպարների գիտակցության հոսքը՝ ողողված իրականության մասին հիշողությունների պատառիկներով, խոհերով, զգացումներով, ապրումներով և անհամար զուգորդումներով, ընթերցողների համար նկարում է իրական աշխարհի յուրօրինակ մի կտավ՝ «կենդանի, ապրող ու շնչող»։ Այս տեխնիկան թույլ է տալիս, որ ընթերցողը, մուտք գործելով հերոսների գիտակցության, նրանց մտքերի աշխարհ, ինքնուրույն եզրահանգումներ կատարի կերպարների և նրանց հետ տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stream of Consciousness Արխիվացված 2015-02-08 Wayback Machine
- Stream of consciousness in Encyclopedia Britannica
- Stream of Consciousness Definition
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stream of consciousness (narrative mode) Արխիվացված 2014-12-19 Wayback Machine (անգլ.)
- Поток сознания (ռուս.)
|