Մեծ Հայքի արքա Խոսրով Բ Կոտակի հրամանով բնաջնջել է միմյանց դեմ կռվող և երկրի ուժերը ջլատող նախարարական տոհմերին՝ Մանավազյաններին ու Որդունիներին։ Համախմբելով արքունի և նախարար, զորագնդերը՝ Վաչե Մամիկոնյանը նախ Արագածոտն գավառի Ցլու գլուխ լեռան վրա, ապա Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում ջախջախել է Հայոց գահի հավակնորդ Մազգթաց թագավոր Սանեսան Արշակունուն և գլխատել նրան։ Խոսրով Բ Կոտակը այդ հաղթանակի համար Վաչե Մամիկոնյանին շնորհել է նոր կալվածներ (Զանջանակի ակունքները, Զրբաշխիքը և Ցլու գլուխը)։ 337 թվականին Վաչե Մամիկոնյանը Առեստ ավանի (Վանա լճի հյուսիսարևելյան ափին) մոտ պարտության է մատնել Հայաստան ներխուժած պարսկական զորքերին, ձերբակալել և մահապատժի ենթարկել թշնամուն միացած Բզնունյաց նախարար Դատաբեին։ Այնուհետև հայոց բանակը պահել է Պարսկաստանին սահմանամերձ շրջաններում և դիմակայել նրա նոր հարձակումները։ Զոհվել է Պարսից Շապուհ 2-րդ արքայի խոշոր բանակի դեմ մղած ճակատամարտերից մեկում։ Սպարապետությունը ժառանգել է մանկահասակ որդին՝ Արտավազդը, որին խնամակալներ են կարգվել Մամիկոնյան տան փեսաներ Արշավիր Կամսարականը և Անդովկ Սյունին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 283)։