Jump to content

Վանդալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վանդալները թալանում են Հռոմը։
Վանդալների և Ալանների թագավորությունը 475 թ-ին։

Վանդալներ (լատին․՝ Vandili[1], Wandali[2], Uuandali[3], հուն․՝ Βάνδαλοι), արևելյան գերմանների ցեղախումբ։ Սկզբում բնակվել են Սկանդինավյան թերակղզում։ Մ.թ.ա. 2-րդ-1-ին դարերում վանդալները գաղթել և հաստատվել են Բալթիկ ծովի հարավային, 3-րդ դարում՝ Դանուբ գետի ափերին։ 335-ին վերաբնակվել են Պաննոնիայում։ 5-րդ դարի սկզբին ալանների հետ շարժվել են արևմուտք, մի քանի տարվա ընթացքում ամայացրել Գալլիան և 409-ին հաստատվել Իսպանիայում։ Այնուհետև ետ մղվելով դեպի թերակղզու հարավ՝ Գեյզերիխ թագավորի (428-477) գլխավորությամբ 429-ին անցել են Ջիբրալթարը, տասը տարվա ընթացքում նվաճել (ստրուկների ու կոլոնների օգնությամբ) հռոմեական Աֆրիկա պրովինցիան (439-ին գրավել են Կարթագենը) և հիմնել իրենց թագավորությունը։ Այստեղից նրանք ավերիչ հարձակումներ են գործել Արևմտյան Միջերկրածովյան կղզիների ու ափերի վրա։ 455-ին կողոպտել ու ավերել են Հռոմը։ Հյուսիսային Աֆրիկայի մի մասում վանդալները բռնագրավել են հռոմեական մագնատների հողերը։ Հարստացած ավագանու և շարքային զինվորների միջև առաջացած տարաձայնությունների հետևանքով թուլացած վանդալների թագավորությունը 533-534-ին նվաճվել է Բյուզանդիայի կողմից։ Վանդալները այնուհետև ձուլվել են տեղական բնակչությանը։

Պատմություն

Վանդալների գերմանական ցեղը մ.թ.ա. 3-րդ դարում Գերմանիայի ներքին մարզերից տեղափոխվում է Դանուբի շրջանը՝ Դակիա։ 4-րդ դարի սկզբին վանդալները բնակություն են հաստատում Պանոնիայում, իսկ այնուհետև հոների ճնշման տակ շարժվում են դեպի արևմուտք։ Նրանք բարբարոսական մյուս ցեղերի՝ սվեբների և ալանների հետ միասին ճեղքում են հռոմեական պաշտպանությունը Հռենոսի վրա և ներխուժում են Գալլիա, ապա անցնում Իսպանիա և մի որոշ ժամանակ անց ընդհարվում վեստգոթերի հետ։ 429 թվականին նրանք նեղուցով (արդի Ջիբլարթարով) անցնում են Հռոմեական պրովինցիա` Հյուսիսային Աֆրիկա։ Վանդալներին գլխավորում էր թագավոր Հայզերիքը, որը նվաճում է Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը, և հռոմեական տարածքում առաջանում է ևս մի բարբարոսական պետություն` Վանդալական թագավորությունը՝ Կարթագեն մայրաքաղաքով։

Հողազավթումներ

Վանդալները գրավում են հռոմեական ավագանու և եկեղեցու հողերն ու գույքը։ Հռոմեական հողատերերի սեփականազրկումը կատարվում է միայն արդի Թունիսի, Տրիպոլիտանայի, Լիբիայի տարածքում։

Հայզերիքի հետագա նվաճումները

Հայզերիքը գրավում է նաև Բալեարյան կղզիներ, Կորսիկան, Սարդինիան, Սիցիլիան, իսկ 455 թվականին՝ Հռոմը։ Վանդալները այնտեղ ոչնչացնում են կուլտուրայի շատ հուշարձաններ և արվեստի ստեղծագործություններ[4]։

Վանդալների թագավորներ

Ծանոթագրություններ

  1. Плиний Старший
  2. Идаций
  3. Вигиланский кодекс: [1] Արխիվացված է Հոկտեմբեր 10, 2009 Wayback Machine-ի միջոցով:
  4. Ս. Դ. Սկազկին, Միջին դարերի պատմություն (Երևանի համալսարանի հրատարակչություն), Երևան, 1975, էջ 128 — 820 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանդալներ» հոդվածին։