Տմորիք
Տմորիք (նաև՝ Տամորիտիս, Տմորիկ, Տմորիս, Տմորյաց գավառ, Տոմաշեկ), գավառ և ռազմական ամրությունների համակարգ Մեծ Հայքի Կորճայք նահանգում։ Կոչվել է գլխավոր ամրոցի անունով[1][2]։ Գտնվում էր Կորդվաց աշխարհի և Կորդրիքի կողքին[3]։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Կորճայք |
Ներառում է | Վերին Կորդրիք, Միջին Կորդրիք, Ներքին Կորդրիք |
Վարչկենտրոն | Ալկի (Տմորիք) |
Խոշորագույն քաղաք | Ալկի (Տմորիք) |
Հիմնական լեզու | հայերեն |
Ազգային կազմ | հայեր |
Կրոնական կազմ | հեթանոսներ (մինչև՝ 301 թ․), քրիստոնյաներ (սկսած 301-ից) |
Առաջին հիշատակում | մ.թ.ա. 13-րդ դար |
Պատմական շրջան(ներ) | Մեծ Հայք |
Սահմանակցում է | Կորդուք (Կորճայք), Մոկք, Ճահուկ (Կորճայք), Այտրվանք (Կորճայք), Դասն (Նոր Շիրական), Ադիաբենե, Արվաստան, Ծավդեք |
Աշխարհագրական դիրք
խմբագրելՏմորիքը տարածքով համապատասխանում էր մի փոքր ավելի ուշ շրջանում ձևավորված Վերին, Միջին և Ներքին Կորդրիք գավառներին, որոնք գտնվում էին Տիգրիս գետի ձախակողմյան Խաբուր վտակի ավազանում։
Պատմություն
խմբագրելՏմորիքը ստեղծվել է հնագույն ժամանակներում (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)` ընդդեմ Միջագետքից սպառնացող վտանգի[1]։ Մ.թ.ա. 13-7-րդ դարերում ասորեստանյան սեպաձև արձանագրություններում հիշատակվում է Նաիրի «երկրների» թվում՝ Տումե, Տումուրու անվանումներով[1]։ Մ.թ.ա. 4-րդ դարում եղել է առանձին գավառ՝ համանուն կենտրոնով[1]։ Հետագայում (հավանաբար Արշակունիների թագավորության ժամանակ) միացվել է Կորդուքին[1]։
Տմորիքը հետագայում վերանվանվել է Կորդրիք, և ավելի ուշ շրջանում` ֆիզիկաաշխարհագրական առումով բաժանվել էր երեք գավառների՝ Վերին Կորդրիք, Միջին Կորդրիք և Ներքին Կորդրիք, որոնք գտնվում էին Տիգրիս գետի ձախակողմյան Խաբուր վտակի ավազանում[4]։ Ըստ Պտղոմեոսի՝ այն կազմում էր Կորճայքի արևելյան կողմը կամ տարածվում էր Կորդուքից արևելք։ Կորդրիքը վկայված է նաև Փավստոս Բուզանդի և Եղիշեի պատմություններում։ Կորդրիքն ուներ բազմաթիվ ամրություններ և դժվարամատչելի էր թշնամիների համար[4]։
Եղիշեն հաղորդում է, որ 451 թվականին, Ավարայրի ճակատամարտից հետո Տմորիքի ամրոցներում ամրացած ապստամբները տեղեկանալով արքունի զորքի կողմից իրականացվող հալածանքների մասին, նպատակահարմար չեն գտնում ամրոցներում նստելը և դուրս գալով իրենց ապաստարաններից, հասնում են պարսիկների մոտակա երկիրը, որը հավանաբար կամ Ադիաբենեն էր, կամ էլ նրա մաս կազմող Նիխորական գավառը, կոտորում են տեղացիներին, այրում նրանց բնակավայրերը, իսկ ողջ մնացածներին էլ գերի վերցնելով՝ հետ են վերադառնում իրենց ամրոցները[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ՏՄՈՐԻՔ
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 109 — 916 էջ։
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 556.
- ↑ 4,0 4,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 231 — 992 էջ։
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 552.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 22)։ |